
Ճգնաժամ՝ Կոսովոյում․ խորհրդարանական ընտրություններում հաղթած ուժը չունի մեծամասնություն
Կոսովոյի խորհրդարանական ընտրություններում հաղթել է վարչապետ Ալբին Կուրտիի ղեկավարած կուսակցությունը, որը, սակայն, չի հավաքել երկրի երկարատև քաղաքական ճգնաժամին վերջ դնելու համար անհրաժեշտ մեծամասնություն․ գրում է Reuters գործակալությունը։
Պաշտոնական արդյունքների համաձայն՝ քվեաթերթիկների 99.4 տոկոսի հաշվարկով՝ Կուրտիի Vetëvendosje կուսակցությունը հավաքել է ձայների 43 տոկոսը։ Նոր կառավարություն ձևավորելու համար նրա կուսակցությունը կունենա կոալիցիոն գործընկերների կարիք։
Բալկանյան այս երկրում քաղաքացիները 18 ամսվա ընթացքում երրորդ անգամ էին գնում ընտրատեղամասեր։ Նշվում է, որ Եվրոպայի ամենաերիտասարդ և ամենաաղքատ երկրներից մեկը ձգտում է անդամակցել Եվրոպական միությանը, սակայն անցյալ տարվա ընթացքում գրեթե չի ունեցել լիարժեք գործող կառավարություն։
Խորհրդարանում առկա խոր տարաձայնությունները խոչընդոտում են օրենսդիր մարմնի խոսնակի և պետության նոր ղեկավարի ընտրությանը։


