
Եվրոպայում գրանցված ծայրահեղ շոգը դառնում է նոր նորմա
Անցյալ ամիս Եվրոպան ապրեց իր պատմության մեջ ամենատաք մայիսներից մեկը՝ բախվելով վաղաժամ շոգի ալիքի, որն, ըստ ԵՄ Copernicus կլիմայի փոփոխության ծառայության նախազգուշացման՝ դառնում է նոր նորմա․ գրում է Euronews-ը:
Հյուսիսային Աֆրիկայից ներթափանցած տաք օդի պատճառով Եվրոպայի տարածքում ջերմային գմբեթ (heat dome) է ձևավորվել։ Սա եղանակային երևույթ է, որի ժամանակ տաք օդի մեծ քանակություն է կուտակվում որևէ տարածքում՝ առաջացնելով շատ բարձր ջերմաստիճաններ օրեր կամ նույնիսկ շաբաթներ շարունակ։ Արդյունքում այս տարվա մայիսն ամբողջ աշխարհում գրանցված երկրորդ ամենաշոգ մայիսն էր։
«Այս մայիսը նշանավորվել է ջերմաստիճանի կտրուկ անցումներով՝ միջինից զգալիորեն ավելի սառը պայմաններից դեպի տարվա այս եղանակին Արևմտյան Եվրոպայում երբևէ դիտված ամենաուժեղ շոգի ալիքներից մեկը», – ասվում է ծառայության մայիսյան տեղեկագրում։
Նշվում է, որ այս անսովոր վաղ և սաստիկ շոգի ալիքը ցույց է տալիս՝ որքան արագ են կլիմայական ծայրահեղ երևույթները դառնում նոր նորմա, այլ ոչ թե բացառություն։
Ծառայությունը նշում է, որ նմանատիպ արագ փոփոխությունների ֆոնին մարդը, մշակաբույսերը և էկոհամակարգերը գրեթե ժամանակ չեն ունենում հարմարվելու զգալիորեն ավելի բարձր ջերմաստիճաններին։


