
Ինչո՞ւ են եվրոպացիները ցանկանում «սև ցուցակում» ներառել նաև ՖԻԴԵ նախագահին
Եվրամիությունը Ռուսաստանի դեմ 21-րդ պատժամիջոցների փաթեթի շրջանակում մտադիր է սահմանափակումներ կիրառել ՌԴ նախագահի օգնական Վլադիմիր Մեդինսկիի, Շախմատի միջազգային ֆեդերացիայի (ՖԻԴԵ) նախագահ Արկադի Դվորկովիչի ու Ռուսաստանի հետ կապված մի շարք այլ անձանց նկատմամբ․ գրում է Բրյուսելում գործող Euobserver առցանց պարբերականը։
Հիշեցնենք՝ օրեր առաջ էլ հայտնի էր դարձել, որ Եվրոպայի «սև ցուցակում» կարող է ներառվել նաև Մոսկվայի և Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլը։
Ըստ Euobserver-ի՝ եվրոպացիների կազմած «սև ցուցակը» կարող է համալրել ավելի քան 40 ֆիզիկական անձ։
«Դվորկովիչի նկատմամբ սահմանափակումներ կիրառելու առաջարկը Եվրահանձնաժողովը հիմնավորել է այն բանով, որ նա աջակցում է Ուկրաինայում ռազմական գործողություններին։ Նույն պատճառաբանությունն է նշվում նաև պատրիարք Կիրիլի դեպքում,- գրում է եվրոպական աղբյուրը՝ հիշեցնելով,- Երկուսի նկատմամբ էլ նախկինում առաջարկվել է պատժամիջոցներ սահմանել, սակայն նախաձեռնությունը կյանքի չի կոչվել Հունգարիայի նախկին վարչապետ Օրբանի դիմադրության պատճառով»։


