
Վտանգավոր սահմանագծի ենք հասել, ԱԺ-ն ընտրում է ժողովո՞ւրդը, թե՞ պաշտոնյաները․ Արա Այվազյան
Պետությունների կյանքում լինում են պահեր, երբ մեկ որոշումը ունի շատ ավելի մեծ հետևանքներ, քան բուն որոշումը․ ԲՀԿ հրավիրած ասուլիսի ընթացքում ասել է նախկին արտգործնախարար, ԲՀԿ ցուցակով պատգամավորի թեկնածու Արա Այվազյանը։
«Երեկ այդպիսի օր էր, ԿԸՀ-ն պարզապես չի չեղարկել երկու ընտրատեղամասերում արդյունքները, այն կասկածի տակ է դրել ընտրողների բարձրագույն և անձեռնմխելի սկզբունքը։ Այս որոշումը հանգեցնում է անխուսափելի եզրակացության․ եթե ընտրությունների արդյունքները կարելի է վերանայել, ապա ընտրություններն այլևս ընտրություն չեն։ Այս որոշումը հարց է բարձրացնում՝ ո՞վ է որոշում Ազգային ժողովի ապագա կազմը, ժողովո՞ւրդը, թե՞ պաշտոնյաները»,-ասել է Այվազյանը։
Նա հիշեցրել է, որ ԲՀԿ-ն շտապ խորհրդակցություններ է սկսում ընդդիմադիր բոլոր ուժերի հետ՝ նպատակ դնելով ոչ թե պաշտպանել «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը, այլ պաշտպանել ընտրելու իրավունքը։
«Ես դիմում է մեր ժողովրդին, այսօր կարևոր չէ՝ ում օգտին եք դուք ձեր ձայնը տվել, այսօր կարևոր է՝ ձեր քվեն արժեք ունի՞, թե՞ այն պայմանական է։ Հարցը շատ պարզ է․ ընտրությունը պատկանում է ժողովրդի՞ն, թե՞ ընտրությունը պատկանում է վերանայողներին։ Մենք հասել ենք շատ վտանգավոր սահմանագծի, այս կողմում ընտրություններն են, մյուս կողմում՝ իմիտացիան։ Եթե մենք թույլ տանք, որպեսզի խախտվեն այս կարմիր գծերը, ապա ընդհանրապես ավարտվում է ընտրության գաղափարը»,-եզրափակել է Այվազյանը։


