
Հրապարակվել են Իրանի ու ԱՄՆ-ի միջև սպասվող 14 կետանոց համաձայնագրի մանրամասները
Իրանի և ԱՄՆ-ի միջև սպասվող 14 կետից բաղկացած համաձայնագիրը չի ներառում Իրանի բալիստիկ հրթիռների ծրագրի վերաբերյալ սահմանափակումներ։
Ըստ Mehr լրատվական գործակալության՝ համաձայնագրի նախագիծը պահանջում է, որ ԱՄՆ-ն վերացնի Իրանի դեմ պատժամիջոցները, հեռացնի իր ռազմական ուժերը երկրի սահմաններից, դադարեցնի ծովային շրջափակումը և ապահովի իրանական ակտիվների ապասառեցումը։ Իրանը, իր հերթին, համաձայնել է բացել Հորմուզի նեղուցը։ Ավելին, ԱՄՆ-ն պետք է ներկայացնի Իրանի տնտեսության վերականգնման ծրագիր։
Հրապարակված հաղորդագրությունների համաձայն՝ փաստաթղթի նախագիծը ներառում է հետևյալ դրույթները՝
- անհապաղ և մշտական հրադադար բոլոր ճակատներում, այդ թվում՝ Լիբանանում,
- ԱՄՆ-ի կողմից պարտավորություն չմիջամտելու Իրանի ներքին գործերին և հարգելու Իսլամական Հանրապետության ինքնիշխանությունը,
- ծովային շրջափակման վերացում 30 օրվա ընթացքում,
- ԱՄՆ-ի կողմից պարտավորություն դուրս բերելու իր ուժերն Իրանի շրջակա տարածքներից,
- Հորմուզի նեղուցի բացում 30 օրվա ընթացքում՝ համաձայն Իրանի սահմանած կանոնների,
- նավթի և նավթաքիմիական արտադրանքի վաճառքի նկատմամբ պատժամիջոցների վերացում և Իրանի համար եկամուտների լիարժեք հասանելիության ապահովում,
- Միացյալ Նահանգներն ու նրա դաշնակիցները պետք է ներկայացնեն Իրանի վերակառուցման առնվազն 300 միլիարդ դոլարի ծրագիր,
- 60-օրյա բանակցություններ միջուկային հարցի շուրջ վերջնական համաձայնության հասնելու և ԱՄՆ-ի առաջնային և երկրորդային պատժամիջոցների, ինչպես նաև ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի և Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) կառավարիչների խորհրդի բանաձևերի լիակատար վերացման համար,
- Իրանի կողմից միջուկային զենքի չտարածման մասին պայմանագրով (NPT) ստանձնած պարտավորությունների վերահաստատում, այն է՝ չմշակել միջուկային զենք,
- Միացյալ Նահանգների կողմից պարտավորություն՝ չմեծացնելու իր ռազմական ներկայությունը տարածաշրջանում կամ չկիրառելու նոր պատժամիջոցներ բանակցությունների ընթացքում,
- 60-օրյա բանակցային ժամանակահատվածում Իրանի սառեցված 24 միլիարդ դոլարի ակտիվների ապասառեցում, որի կեսը պետք է փոխանցվի Իրանին բանակցությունների մեկնարկից առաջ,
- համաձայնագրի իրականացման մոնիթորինգի մեխանիզմի ստեղծում,
- վերջնական համաձայնագրի հաստատում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևով,
- բանակցությունների վերջնական փուլը կսկսվի միայն այն բանից հետո, երբ Իրանի սառեցված ակտիվների կեսն ապասառեցվի, իրանական նավթի դեմ պատժամիջոցները կասեցվեն և ծովային շրջափակումը վերացվի։
Նախագծի համաձայն՝ վերջնական համաձայնագիրը բացառապես կվերաբերի հարստացված նյութերին, ուրանի հարստացման գործընթացին, պատժամիջոցների վերացմանը և Իրանի տնտեսական վերականգնման ծրագրին։
Իրանի հրթիռային ծրագիրը և, այսպես կոչված, «դիմադրության ուժերին» աջակցությունը լիովին բացառված են բանակցությունների օրակարգից։
Հասանելի տեղեկությունների համաձայն՝ համաձայնագրի նախագիծը դեռ պետք է վերանայվի և վերջնականապես հաստատվի Իրանի համապատասխան մարմինների կողմից։


