15 Հնս
2026
23° c ԵՐԵՎԱՆ
22° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Պատմության վերաբերյալ դասընթաց՝ Starbucks Korea-ի աշխատակիցների համար

Պատմության վերաբերյալ դասընթաց՝ Starbucks Korea-ի աշխատակիցների համար

Starbucks-ի՝ Հրվ․ Կորեայի բոլոր մասնաճյուղերը փակ կլինեն հունիսի 22-ին՝ ժամը 15:00-ին՝ աշխատակիցների համար պատմական իրազեկվածության և սոցիալական զգայունության վերաբերյալ վերապատրաստում անցկացնելու նպատակով․ գրում է Reuters գործակալությունը։

Սրճարանների ցանցն արժանացել է հանրային լայն քննադատության և կրել է վաճառքի զգալի անկում՝ անցյալ ամիս իրականացրած գովազդային անհաջող արշավից հետո․ արշավը հարավկորեացիներին հիշեցրել էր 1980 թվականին ժողովրդավարության համար ցույցի դուրս եկած քաղաքացիների դեմ իրականացված ռազմական ճնշումները։

Shinsegae ընկերության դուստր E-Mart ընկերությունը, որին էլ պատկանում է Starbucks Korea-ն, մայիսի 18-ին տեղի ունեցած Գվանջուի ապստամբության տարելիցին թողարկել էր «Tank Day» մակագրությամբ բազմակի օգտագործման բաժակների գովազդային արշավը։ 1980 թվականին այդ օրը երկրի ռազմական իշխանությունները զորքեր և տանկեր էին տեղակայել՝ ժողովրդավարական բարեփոխումներ պահանջող ցուցարարներին ճնշելու համար։

Նշվում է, որ Starbucks Korea-ի գլխամասային գրասենյակի աշխատակիցները և Shinsegae-ի E-Mart ստորաբաժանման ղեկավարները նույն դասընթացը կանցնեն հունիսի 17-ին, իսկ Shinsegae-ի ղեկավարը և դուստր ընկերությունների գործադիր տնօրենները հունիսի 24-ին կմասնակցեն առանձին դասընթացի։

Պատմական իրազեկվածության վերաբերյալ դասախոսությունը կվարի Սոնգյունգվան համալսարանի պատմության դասախոսներից մեկը։ Դասախոսությունը կանդրադառնա 1950-ականներից ի վեր Հրվ․ Կորեայի ժամանակակից և նորագույն պատմության հիմնական իրադարձություններին։ Նույն համալսարանի սոցիոլոգիայի պրոֆեսորներից մեկը կանցկացնի առանձին դասընթաց, որի ընթացքում կքննարկվի՝ ինչպես պետք է ընկերություններն իրենց մարքեթինգային և այլ կորպորատիվ գործունեության մեջ հաշվի առնեն հասարակական տարբեր հարցեր, այդ թվում՝ պատմությունը, աշխատանքային հարաբերությունները, գենդերային հարցերը և մարդու իրավունքները։

 

Ընտրություն 2026   Ընտրություն 2026