
Արամ Ա-ն վերահաստատել է աջակցությունը Երուսաղեմի եկեղեցիներին
Այսօր՝ հունիսի 16-ին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Վեհափառ Հայրապետին է այցելել Երուսաղեմի ղպտի առաջնորդ Անթոնիոս արքեպիսկոպոսը՝ ղպտի համայնքի հոգևորականների ուղեկցությամբ․ տեղեկացնում են Կիլիկիայի կաթողիկոսարանից։
«Արքեպիսկոպոսը Վեհափառ Հայրապետին փոխանցել է Ղպտի եկեղեցու հոգևոր առաջնորդ Թաուատրոս Բ Պատրիարքի եղբայրական ողջույնները։ Այնուհետև նա Նորին Սրբությանը տեղեկացրել է Երուսաղեմի եկեղեցիների առջև ծառացած մարտահրավերների և ներկայիս մտահոգությունների մասին։
Ողջունելով արքեպիսկոպոսի այցը՝ Հայրապետը ընդգծել է Հայ եկեղեցու և Ղպտի եկեղեցու միջև առկա մտերիմ հարաբերությունները՝ որպես նույն դավանանքին պատկանող եկեղեցիներ։ Նա իր լիակատար աջակցությունն է հայտնել Երուսաղեմի եկեղեցիներին՝ միաժամանակ գնահատանք արտահայտելով Հայ Պատրիարքության և Ղպտի եկեղեցու միջև ձևավորված սերտ համագործակցության համար»,- ասված է հաղորդագրությունում։


