
Եվրահանձնաժողովի նախագահը չի առաջադրվի երրորդ ժամկետով․ Politico
Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը մտադիր չէ վերընտրվել 2029 թվականին երրորդ ժամկետով․ հաղորդում է Politico-ն՝ հղում անելով աղբյուրներին։
Ըստ աղբյուրների՝ այս մասին հայտարարել է Եվրահանձնաժողովի նախագահի գրասենյակի ղեկավար Բյորն Զայբերտը բարձրաստիճան պաշտոնյաների համար կազմակերպված մասնավոր ընթրիքի ժամանակ։
Աղբյուրները նշել են, որ հայտարարությունն արվել է ենթադրաբար այն մտահոգությունները մեղմելու համար, որ Եվրահանձնաժողովի դեպարտամենտների նախատեսվող վերակառուցումը փորձ է իշխանությունը զանգվածաբար կենտրոնացնելու հանձնաժողովի ներկայիս նախագահի ձեռքում։
Ինչպես նշում է Politico-ն, ԵՄ հիմնադիր պայմանագրերը չեն սահմանափակում հանձնաժողովի նախագահի պաշտոնավարման ժամկետների քանակը, սակայն հաջորդ ընտրությունների ժամանակ Ֆոն դեր Լեյենը կդառնա 70 տարեկան։

