
Apple-ի արտադրանքները կթանկանան․ հայտնի է պատճառը
Apple-ը նախատեսում է բարձրացնել իր արտադրանքի գները, քանի որ դրա ստեղծման համար օգտագործվող հիշողության չիպերի արժեքը կտրուկ աճել է․ գրում է BBC-ն՝ հղում անելով տեխնոլոգիական հսկայի ղեկավար Թիմ Քուկին։
Apple-ի հեռացող գլխավոր գործադիր տնօրեն Թիմ Քուկը The Wall Street Journal-ի հետ զրույցում ասել է, որ գների բարձրացումն «անխուսափելի» է, քանի որ հիշողության չիպերի հետ կապված իրավիճակը դարձել է «անկայուն»։
Քուկը չի նշել՝ կոնկրետ երբ կբարձրանան գները կամ որ ապրանքների վրա դա կազդի։ Նաև պարզ չէ՝ արդյոք գների բարձրացումը կվերաբերի iPhone 18-ին, որը կթողարկվի այս տարվա սեպտեմբերին։
Հիշողության չիպերը տարբեր սարքավորումների, այդ թվում՝ բջջային հեռախոսների կարևոր բաղադրիչներ են, սակայն արհեստական բանականության (AI) տեխնոլոգիաների արագ աճը վերջին ամիսներին նպաստել է դրանց գների բարձրացմանը։
«Մենք անում ենք հնարավոր ամեն ինչ՝ մեղմելու մեզ սպասվող հսկայական թանկացումների ազդեցությունը, և փորձում ենք մեր հաճախորդներին պաշտպանել գների բարձրացումից, սակայն իրավիճակը դարձել է անկայուն», – ասել է Քուկը։


