
Ավետիք Չալաբյանի նկատմամբ իրականացվում է քաղաքական հետապնդում․ Սողոմոնյան
«Հայաքվե» նախաձեռնության անդամ Մենուա Սողոմոնյանի գնահատմամբ՝ Ավետիք Չալաբյանի նկատմամբ հարուցված քրեական գործը քաղաքական բնույթ ունի և նպատակ է հետապնդում սահմանափակել նրա հանրային գործունեությունը։
Սողոմոնյանը լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ Չալաբյանի նկատմամբ իրականացվող հետապնդումը տեղավորվում է, իր ձևակերպմամբ, «Հայաստանին Ալիևյան սահմանադրություն պարտադրելու» քաղաքականության շրջանակում։
Նրա խոսքով՝ իշխանությունները կանգնած են իրենց ստանձնած քաղաքական պարտավորությունների կատարման խնդրի առաջ, իսկ այդ գործընթացին ընդդիմացող և քննադատական դիրքորոշում ունեցող գործիչները հայտնվում են թիրախում։
«Այս տարիների ընթացքում մենք բազմիցս ականատես ենք եղել քաղաքական բովանդակություն ունեցող քրեական հետապնդումների։ Երբ փորձում ես ուսումնասիրել նման գործերի փաստական հիմքերը, հաճախ տեսնում ես, որ ներկայացված մեղադրանքները բավարար հիմնավորումներ չունեն»,- ասել է նա։
Սողոմոնյանի կարծիքով՝ Հայաստանը շարժվում է դեպի ավելի ավտորիտար կառավարման համակարգ, իսկ իշխանությունները քաղաքական նպատակներով օգտագործում են իրավապահ և դատաիրավական կառույցները։
Միաժամանակ նա վստահություն է հայտնել, որ Չալաբյանի և նմանատիպ այլ գործերը վերջնական արդյունքում չեն դիմանա իրավական քննությանը։
«Ես համոզված եմ, որ այս շինծու գործերը ջարդվելու են։ Չնայած դատաիրավական համակարգը լիարժեք վերահսկողության տակ վերցնելու փորձերին՝ համակարգում դեռ կան մարդիկ, որոնք առաջնորդվում են օրենքով, մասնագիտական պատասխանատվությամբ և սեփական խղճով»,- նշել է նա։
Սողոմոնյանը նաև ընդգծել է, որ կարևոր որոշումներ կայացնող դատավորներն ու պաշտոնյաները պետք է առաջնորդվեն ոչ թե քաղաքական հրահանգներով, այլ օրենքով և իրենց մասնագիտական առաքելությամբ։


