
Արցախից տեղահանված 3035 ընտանիքից 1803-ը բացառապես պետության սուբսիդավորմամբ են անշարժ գույք ձեռք բերել, այսինքն՝ որևէ լումա չեն ավելացրել․ Գայանե Ղարագյոզյան
Արցախից տեղահանված անձանց դիտարկումները, որ անշարժ գույքի շուկայում տների գները բարձրացել են և չեն կարողանում տեղավորվել պետության տված գումարի մեջ, ավելի շատ Երևանին և երևանամերձ հատվածներին է վերաբերում․ այսօր հրավիրած ասուլիսում նշեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կառուցվածքային ստորաբաժանումների առանձին գործառույթներ համակարգող խորհրդական Գայանե Ղարագյոզյանը։
«Միանշանակ, եթե խոսում ենք արժեքի մեջ չտեղավորվելու մասին, խոսքը բացառապես Երևանի մասին է, և փոքր կազմով ընտանիքների, որոնք Երևան կամ երևանամերձ բնակավայր են նախընտրում։ Մնացած բոլոր դեպքերում հիմնականում աջակցությունը բավականացնում է։ Իհարկե, դա բացառապես շահառուների ցանկությունն է, եթե նրանք ցանկանում են ավելի մեծ գույք ձեռք բերել, ավելի լավ պայմաններով, Երևանին ավելի մոտ և պատրաստ են դրա համար ունենալ մասնակցություն, իհարկե, պետությունը որևէ խնդիր այստեղ չի տեսնում»,- ասաց պաշտոնյան։
«Մենք միայն ունենք տան առավելագույն արժեք, որը 55 միլիոն դրամն է, որը չպետք է գերազանցի, մնացածը բացառապես իրենց ընտրությունն է, ընդ որում՝ այստեղ իրենք կարող են ինչպես տարբերությունը հավելյալ վարկի ներգրավման միջոցով լրացնել, այնպես էլ, եթե ունեն կանխիկ միջոցներ, կանխիկ միջոցներով»,-հավելեց Գայանե Ղարագյոզյանը։
Ըստ նրա՝ այս պահին, եթե խոսենք առաջին և երկրորդ բաղադրիչի մասին՝ ձեռքբերման և կառուցապատման, 3035 ընտանիքից 1803-ը բացառապես սուբսիդավորմամբ են անշարժ գույքը ձեռք բերել, այսինքն՝ որևէ լումա չեն ավելացրել, և մի մասն էլ ունի դրական մնացորդ։ 1232 ընտանիք է ընդամենը, որ հավելյալ միջոցներ է ներգրավել, բայց նրանցից 204-ը շուրջ 348 միլիոն դրամ հետ են ստացել և ուղղել են այդ հավելյալ վարկին, երբ 3 միլիոնը դարձավ 4 միլիոն․ «Այսինքն՝ այստեղ շատ ավելի, մոտավորապես 1000 հոգու մասին է խոսքը, որ ավելացրել են գումար, մնացածը 100% սուբսիդավորմամբ են ձեռք բերել»։
Նա նշեց, որ ընտանիքի մեկ անձի հաշվով աջակցությունը 5 միլիոն դրամ է 710Լ որոշմամբ սահմանված 252 բնակավայրերում, որոնք, ըստ նրա, ոչ բոլորն են սահմանամերձ, և ոչ բոլորն են գյուղական․ «Երևան քաղաքում աջակցությունը 3 միլիոն դրամ է մեկ անձի հաշվով, և մնացած բոլոր մարզային բնակավայրերում, այդ թվում՝ քաղաքային, որոնք ներառված չեն 5 միլիոն արժողությամբ բնակավայրերի ցանկում, աջակցությունն ընտանիքի մեկ անդամի հաշվով 4 միլիոն դրամ է։ Եվ եթե մեր հայրենակիցը տեղավորվում է այս գումարի մեջ, դիցուք՝ 5 հոգանոց ընտանիքը Էջմիածին քաղաքում, որը 4 միլիոն դրամ է, ցանկանում է ձեռք բերել գույք 20 միլիոն դրամով, այստեղ ինքը որևէ մասնակցություն չի ունենում հիպոթեքային վարկի մարման գործընթացում, այսինքն՝ 20 միլիոն դրամ մայր գումար և դրա նկատմամբ հաշվեգրվող 13% տոկոսագումարը 10 տարիների ընթացքում մարում է պետությունը»։
Նա նշեց, որ այսօրվա դրությամբ ունեն 6911 հավաստագիր, մոտենում են 7000-ին, որոնցից 3254-ն են իրացված։
Իսկ երբ հավաստագիրը տրամադրվում է շահառուին, որքա՞ն ժամանակ է նա ունենում այն իրացնելու առումով․ հարցին նախարարության ներկայացուցիչը պատասխանեց․ «Նշեմ, որ անկախ նրանից, թե շահառուները երբ են ստացել հավաստագիրը, հավաստագրերն ուժի մեջ են մինչև 2028 թվականի դեկտեմբերի 30-ը ներառյալ, իսկ ծրագրին դիմել կարող են մինչև 27 թվականի դեկտեմբերի 31-ը, այստեղ այն տրամաբանությունն է կիրառվել, որ նույնիսկ ամենավերջին օրը ստացած մեր հայրենակիցն առնվազն մեկ տարի ունենա հավաստագրի իրացման համար»։


