
ԱՄՆ-ն, ի վերջո, ստիպեց Իսրայելին ընդունել համաձայնագիրը․ Իրանի նախագահ
Հրադադարի և խաղաղության վերաբերյալ վերջին համաձայնագիրը մեծ հաղթանակ էր Իրանի ժողովրդի համար: Համաձայնագրի շրջանակում վերացվեցին Իրանի նավթի և նավթաքիմիական ոլորտների նկատմամբ սահմանված պատժամիջոցները, և Քաթարում սառեցված իրանական 6 միլիարդ դոլարի ակտիվները կվերադարձվեն երկրին․ հայտարարել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը:
Նա նշել է, որ վերադարձվող 6 միլիարդ դոլարը Քաթարում պահվող իրանական 12 միլիարդ դոլարի ակտիվների մի մասն է. «Համաձայնություն է ձեռք բերվել 6 միլիարդ դոլարը վերադարձնելու վերաբերյալ, իսկ մնացած միջոցների վերադարձման աշխատանքները շարունակվում են»։
Ըստ Իրանի նախագահի՝ ակտիվների վերադարձման և պատժամիջոցների վերացման վերաբերյալ համաձայնություններ են ձեռք բերվել Շվեյցարիայում կայացած բանակցությունների և Իսլամաբադի փոխըմբռնման հուշագրի ժամանակ։ Նա կրկնել է, որ Իրանը մտադիր չէ միջուկային զենք մշակել. «Մենք վստահեցնում ենք միջազգային հանրությանը, որ մեր գործունեությունը կիրականացվի երկրի կարիքներին համապատասխան և մեր հայտարարած քաղաքականության շրջանակում»։
Փեզեշքիանը նաև հայտարարել է, որ ԱՄՆ-ն, ի վերջո, ստիպեց Իսրայելին ընդունել համաձայնագիրը: Նա հավելել է, որ Իսրայելը և որոշ ընդդիմադիր խմբեր դեռևս դեմ են համաձայնագրի իրականացմանը։
Իրանի նախագահը հավելել է, որ կառավարությունն արդեն սկսել է պատերազմից հետո վերակառուցման ծրագրերի պատրաստումը և ավելացրել է բնակչությանն աջակցելու համար սննդի սուբսիդիաների ֆինանսավորումը։


