29 Հնս
2026
28° c ԵՐԵՎԱՆ
20° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Քանի դեռ նա ողջ էր, ես էլ էի պատրաստվում ողջ մնալ․ Վենեսուելայում փլատակների տակից նորածնի հետ փրկված մայրը պատմել է՝ ինչպես է փոքրիկն օգնել իրեն չհանձնվել

Քանի դեռ նա ողջ էր, ես էլ էի պատրաստվում ողջ մնալ․ Վենեսուելայում փլատակների տակից նորածնի հետ փրկված մայրը պատմել է՝ ինչպես է փոքրիկն օգնել իրեն չհանձնվել

Օրերս Վենեսուելայում տեղի ունեցած երկրաշարժերից հետո երեխայի հետ ավերված տան փլատակների տակից հայտնաբերված կինը BBC-ին պատմել է՝ ինչպես է իր 18 օրական որդին օգնել իրեն ողջ մնալ։

Մայրը՝ Դայանա Պատինոն, ասել է, որ իր որդին՝ Խուան Դավիդը, իրեն «մոտիվացիա է տվել արթուն և զգոն մնալու համար»։

«Քանի դեռ նա ողջ էր, ես էլ էի պատրաստվում ողջ մնալ։ Ժամանակ առ ժամանակ դիպչում էի նրա քթին, որպեսզի համոզվեմ, որ նա դեռ շնչում է», – ասել է մայրը։

Դայանան պատմել է, որ ցնցումների սկսվելու պահին սպասք էր լվանում 8-րդ հարկի իր բնակարանում։ Նա անմիջապես շտապել է գրկել որդուն՝ կարծելով, թե դա «միայն թեթև ցնցում» կլինի։

«Կարծես թռչելիս լինեի։ Հետո կարծես ջրի ու հողի մեջ խորտակվելիս լինեի, իսկ հետո ընկա մի փոսի մեջ, որտեղ էլ մնացի։ Չեմ հասկանում՝ ինչպես կարողացա այդքան հանգիստ մնալ, որովհետև ձախ ոտքս մնացել էր բետոնի տակ։ Չէի կարող շարժվել», – ասել է կինը՝ հավելելով, որ անընդհատ գոռացել է՝ հույս ունենալով, որ կլսեն իրեն։

Նրա խոսքով՝ պատահաբար լսել է իր եղբոր ձայնը՝ իրեն կանչելիս։

«Ինքս ինձ ասացի՝ սա իմ միակ հնարավորությունն է, ու ամբողջ ուժով գոռացի․ «Այստեղ եմ»։ Նա ասաց․ «Խոստանում եմ, որ չեմ հեռանա, մինչև քեզ դուրս չբերեմ», -պատմել է Դայանան։

Եվ եղբայրը պահել է խոստումը։ Մորը և նորածնին փլատակների տակից դուրս բերելու կադրերը տարածվել են ամբողջ աշխարհում, իսկ Խուան Դավիդը դարձել է հույսի խորհրդանիշ Վենեսուելայում, որտեղ նախորդ չորեքշաբթի տեղի ունեցած երկու երկրաշարժերի հետևանքով զոհվել է առնվազն 1450 մարդ, իսկ տասնյակ հազարավոր մարդիկ դեռ համարվում են անհետ կորած։

Երկրի ժամանակավոր նախագահը երկրաշարժերը բնութագրել է որպես Վենեսուելայի պատմության «ամենադաժան բնական աղետը»։

 

Ընտրություն 2026   Ընտրություն 2026