
Թրամփը գործի է դրել «շվեյցարական բանակի» գործիքներն Իրանի հարցում. Axios
Մինչ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը փորձում է Իրանի հետ խաղաղության համաձայնագիր կնքել, նրա մի կողմում փոխնախագահ Վենսն է, իսկ մյուսում՝ պետքարտուղար Մարկո Ռուբիոն․ գրել է Axios-ը։
Բանակցությունների հաջողությունը, և, հետևաբար, համաշխարհային նավթային շուկաների առողջությունը, մեծապես կախված է նրանից, թե ինչպես է Թրամփը հավասարակշռելու Իրանում, Իսրայելում և Լիբանանում մրցակցող շահերը։
Թրամփի բարձրաստիճան խորհրդականներից մեկը հայտնել է․ «Կա ավելի իսրայելամետ ասպեկտ, և դա Ռուբիոն է և կա ավելի իսրայելա-սկեպտիկ ասպեկտ՝ Ջեյ Դին»։
Վենսը և Ռուբիոն տարբեր կարծիքներ են հայտնել ԱՄՆ-ի և Իրանի միջև հունիսի 17-ի փոխըմբռնման հուշագրի վերաբերյալ ներքին վարչակազմի քննարկումների ժամանակ։
Ըստ մի քանի ամերիկյան աղբյուրների՝ Վենսը գործարքի շուրջ բանակցել է Թրամփի դեսպաններ Սթիվ Ուիթքոֆի և Ջարեդ Քուշների հետ։ Փոխնախագահը կարծում էր, որ Թրամփը պետք է ստորագրի պատերազմն ավարտելու, Հորմուզի նեղուցը վերաբացելու և միջանկյալ ընտրություններից առաջ տնտեսությունը կայունացնելու համաձայնագիրը։
ԿՀՎ տնօրեն Ջոն Ռատկլիֆի և պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթի հետ Ռուբիոն կասկածանքով էր վերաբերվում հուշագրին և այն հավանականությանը, որ այն կարող է հանգեցնել համապարփակ միջուկային համաձայնագրի։
Անցյալ շաբաթ Պարսից ծոցի տարածաշրջան կատարած իր այցի ժամանակ Ռուբիոն իր տարածաշրջանային գործընկերների հետ խոսել է Իրանի վրա ճնշումը մեծացնելու անհրաժեշտության մասին։ Սակայն Ռուբիոն չի փորձում խաթարել Իրանի հետ կնքված համաձայնագիրը։
Բանակցությունները բարդ են, քանի որ դրանք եռակողմ են՝ ներառելով Իսրայելն, Իրանը և Լիբանանը: Դրանք ներառում են երեք համաձայնագիր.
- հունիսի 17-ին Իրանի և ԱՄՆ-ի միջև ստորագրված հուշագիրը,
- հունիսի 21-ին Վենսը Շվեյցարիայում Իրանի հետ կնքել է համաձայնագիր Լիբանանի վերաբերյալ,
- Ռուբիոյի ղեկավարությամբ իրականացվող խաղաղության շրջանակային համաձայնագիրն ուրբաթ ստորագրվել է Իսրայելի և Լիբանանի կողմից։
Ռուբիոյի առաջարկի դեպքում՝ կողմերը աշխատում էին կանխել Իրանի միջամտությունը Լիբանանի գործերին: Սակայն Վենսի առաջարկն իրանցիներին հնարավորություն տվեց մասնակցելու Իսրայելի և «Հեզբոլլահի» միջև կնքված հրադադարին, որը ԱՄՆ-ն դասակարգում է որպես Լիբանանը ապակայունացնող ահաբեկչական խմբավորում:
Խնդիրն այնքան շփոթեցնող էր, որ անցյալ շաբաթ և՛ իսրայելցի, և՛ լիբանանցի բանակցողները խնդրեցին ամերիկացի միջնորդներին պարզաբանել, թե առաջարկներից ո՞ր մեկն է ներկայացնում վարչակազմի քաղաքականությունը:
Բանակցություններին մասնակցող ԱՄՆ բարձրաստիճան պաշտոնյան հայտնել է, որ Վենսը և Թրամփը ստորագրել են Ռուբիոյի համաձայնագիրը:
Իրանի և ԱՄՆ-ի միջև հունիսի 17-ի 14 կետանոց հուշագիրը ենթադրում է, որ Իսրայելը դուրս կգա Լիբանանից՝ որպես ԱՄՆ-ի և Իրանի միջև վերջնական համաձայնագրի մաս:
Սակայն ուրբաթ կնքված համաձայնագիրը թույլ է տալիս Իսրայելին ավելի փուլային դուրսբերում և պայմանավորում է այն «Հեզբոլլահի» զինաթափմամբ: Դա զայրացրել է «Հեզբոլլահին» և նրա դաշնակիցներին Լիբանանում, որոնք պահանջել են, որ պահպանել Վենսի կողմից բանակցված ԱՄՆ-Իրան համաձայնագիրը։
Հետաքրքիրն այն է, որ ԱՄՆ պաշտոնյաները նշում են, որ Իրանի շուրջ բանակցությունների արդյունքը կարող է ներքին քաղաքական հետևանքներ ունենալ, հատկապես, երբ խոսքը վերաբերում է 2028 թվականի հանրապետական նախագահական առաջադրմանը։
«Կա մեկ ճամբար՝ նախագահ Թրամփի ճամբարը, և ամբողջ վարչակազմը լիովին աջակցում է նախագահի ջանքերին՝ ապահովելու համար, որ Իրանը երբեք չկարողանա միջուկային զենք ունենալ», – հայտարարել է Սպիտակ տան մամուլի խոսնակ Աննա Քելլին։


