
Աշխարհի ամենաբարձր աշտարակներից մեկի գագաթին ամուսնության առաջարկից 10 րոպե անց զույգ ձերբակալվել է
Ռուս զույգը բերման է ենթարկվել աշխարհի ամենաբարձր երկնաքերերից մեկի՝ Նյու Յորքի Էմփայր Սթեյթ Բիլդինգի գագաթը բարձրանալուց և այնտեղ նշանադրվելուց հետո․ գրում է BBC-ն։
ՌԴ քաղաքացիներ 33-ամյա Անժելա Նիկոլաուն և 32-ամյա Իվան Կուզնեցովը, որը հայտնի է նաև Իվան Բիրկուս անունով, 102-հարկանի սրածայր աշտարակի գագաթին ծածանել են մեծ պաստառ, որի վրա գրված էր․ «Երբ սիրո ուժը հաղթում է իշխանության հանդեպ սիրուն, աշխարհում խաղաղություն է հաստատվում»։
Համացանցում լայն տարածում գտած տեսանյութում տեսնում ենք՝ ինչպես է տղան ծնկի իջնում և ամուսնության առաջարկ անում աղջկան, որից հետո զույգը համբուրվում է։ Նրանք առնվազն 10 րոպե գտնվել են 443 մետր բարձրություն ունեցող կառույցի գագաթին։
Ամուսնության այս ռոմանտիկ առաջարկը, սակայն, ունեցել է ոչ այնքան ռոմանտիկ ավարտ․ Նյու Յորքի ոստիկանությունը փակել է շենքի շուրջ գտնվող փողոցները և ավելի ուշ հայտնել, որ զույգը բերման է ենթարկվել։ Կուզնեցովը և Նիկոլաուն մեղադրվում են մի շարք հանցանքերի, այդ թվում՝ գողության, անփութորեն ուրիշների կյանքը կամ անվտանգությունը վտանգի ենթարկելու, գույքի դիտավորյալ վնասման, անօրինական ներխուժման և հասարակական կարգի խախտման համար:
Կուզնեցովը և Նիկոլաուն նախկինում նույնպես նման համարձակ գործողություններ են իրականացրել՝ նվաճելով բարձունքներ աշխարհի տարբեր երկրներում․ նրանք 2024 թվականին նկարահանված «Skywalkers: A Love Story» վավերագրական ֆիլմի գլխավոր հերոսներն են։


