
Ջրապարեկներն ու փրկարարները Սևանում ուժեղացված ծառայության են անցել
Հանգստի սեզոնը մեկնարկել է, իսկ Սևանա լճում տրվել է լողասեզոնի մեկնարկը։ Հուլիսի 1-ից ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության ջրային վաշտն ու ջրային փրկարարները Սևանա լճում և առափնյա հատվածներում անցել են ուժեղացված ծառայության․ հայտնում են ՆԳՆ-ից։
«ՆԳՆ ոստիկանության պետ Կամո Ցուցուլյանը հետևել է ջրային պարեկների ծառայության կազմակերպման ընթացքին, հանձնարարել ծառայությունն իրականացնել առավելագույն զգոնությամբ՝ ապահովելով շուրջօրյա հսկողություն, պատահարների կանխարգելում և յուրաքանչյուր ահազանգի օպերատիվ ու պատշաճ արձագանք։
Ուժեղացված ծառայության ընթացքում ջրային պարեկները խիստ վերահսկողություն են իրականացնելու ջրային տրանսպորտային միջոցների անվտանգ շահագործման, հասարակական կարգի և անվտանգության կանոնների պահպանման ուղղությամբ՝ առանձնահատուկ ուշադրություն դարձնելով ալկոհոլի ազդեցության տակ ջրային տրանսպորտային միջոցների շահագործման, փրկարարական բաճկոն չկրելու, ինչպես նաև քաղաքացիների կյանքի և առողջության համար վտանգ ներկայացնող այլ իրավախախտումների կանխարգելման ու բացահայտման ուղղությամբ»,- ասված է հաղորդագրությունում։


