
ՍԴ-ի որոշումն «արդարացրեց» բոլորի սպասումները․ Արփինե Հովհաննիսյան
Կարծում եմ՝ այս որոշումը, տարբեր պատճառներով, «արդարացրեց» բոլորի սպասումները․ սոցցանցի իր էջում գրել է արդարադատության նախկին նախարար Արփինե Հովհաննիսյանը:
«Սահմանադրական դատարանը չփոխեց Կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշումը․ ընտրությունների արդյունքները մնացին ուժի մեջ:
Կարծում եմ՝ այս որոշումը, տարբեր պատճառներով, «արդարացրեց» բոլորի սպասումները։ Իշխանության համար՝ ընտրությունների արդյունքները մնացին ուժի մեջ, և որևէ անակնկալ տեղի չունեցավ։
Ընդդիմության համար՝ հենց այսպիսի որոշում էին կանխատեսում։ Ավելին, մինչև դրա հրապարակումն արդեն հասցրել էին հրապարակային գնահատականներ տալ և հայտարարել, որ պատրաստվում են գնալ խորհրդարան: Այսինքն՝ քաղաքական որոշումն արդեն իսկ կայացված էր (է), իսկ Սահմանադրական դատարան դիմելն ու կայացված ակտը ընդամենը նախապես ընտրված քաղաքական ուղեգիծը հիմնավորելու կանխատեսելի ֆոն էին: Ստատուսներ` առ պայքարի շարունակություն, քվեի գողություն և նման խոսույթ:
Հասարակության սպասումներն էլ «արդարացան»։ Պարզապես որովհետև հանրային լայն զանգվածները վաղուց որևէ սպասում չունեն։ Հանրային անտարբերությունն ու փողոցային սպասման բացակայությունն ապացույցներից մեկն է»,-գրել է նա


