
Ովքե՞ր կարող են այսօրվանից դիմել վարորդական իրավունքի վերականգնման համար․ պարզաբանում են ՆԳՆ պաշտոնյաները
Եթե անձի՝ վարորդական իրավունքից զրկման ժամկետը վաղուց լրացել է կամ լրացել է մինչև 2026 թվականի հուլիսի 5-ը ներառյալ, այդ անձինք կարող են դիմել հուլիսի 6-ից, այսինքն՝ այսօրվանից սկսած մեկ տարվա ընթացքում։ Եթե կան մարդիկ, որոնց վարորդական իրավունքից զրկման ժամկետը դեռևս չի լրացել, անպայման պետք է սպասել մինչև այդ ժամկետը լրանա, լրանալուց հետո պետք է մեկ տարվա ընթացքում դիմել, պետական տուրք վճարել և այլն․ այսօր հրավիրած ասուլիսում ասաց ՀՀ ՆԳՆ իրավաբանական վարչության պետ Ռուսլան Մարանդյանը:
«Կարող է տպավորություն ստեղծվել, որ բոլորն իբր հուլիսի 6-ից կարող են դիմել, բայց այդպես չէ։ Պետք է անպայման զրկման հիմքը վերացած լինի, այլ կերպ ասած՝ զրկման ժամկետը պետք է լինի ավարտված»,-ասաց պաշտոնյան։
ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Արման Չիլինգարյանն օրինակ բերեց․ «Օրինակ՝ 2026 թվականի հունիսի 15-ին զրկվել եք 1 տարի ժամկետով: Սպասում եք մինչև 2027 թվականի հունիսի 15-ը: Ժամկետի ավարտից հետո՝ 2027 թվականի հունիսի 15-ից հետո, մեկ տարվա ընթացքում դիմում եք, վճարում եք պետական տուրքը և վերականգնում ձեր իրավունքը։ Իսկ այն դեպքում, երբ վաղուց եք զրկվել, օրինակ՝ 2020 թվականից հետո եք զրկվել, մինչև հուլիսի 5-ը լրացել է ժամկետը, այսօրվանից սկսած մեկ տարվա ընթացքում դիմում եք, վերականգնում եք ձեր իրավունքը»։
Պաշտոնյան նշեց, որ նման անձինք մոտ 18.000-ն են։


