
Սահմանազատումը պետք է, եթե որոշում կա, որ ՀՀ-ն ու Ադրբեջանն ապրելու են խաղաղության մեջ․ Դավիթ Տոնոյան
Հայաստանը միայն ու միայն մարտունակ բանակի պարագայում կարող է դիմակայել անվտանգային սպառնալիքներին․ այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը։
Լրագրողի հարցին, թե վերջերս Հիքմեթ Հաջիևն էր եկել Դիլիջան, դրանից առաջ՝ Ադրբեջանի փոխվարչապետը, խոսվում է սահմանազատման, սահմանագծման աշխատանքների մասին, արդյոք հնարավո՞ր է դա իրականացնել հավասար պայմաններում, որովհետև կարծես մյուս կողմի պահանջները շատ են, նա պատասխանեց․«Կարծում եմ, որ հնարավոր է հավասար պայմաններում իրականացնել, եթե մասնագիտական ներուժը ճիշտ օգտագործվի հայաստանյան կողմից․․․Ընդհանրապես, եթե քաղաքական որոշում կա, որ Հայաստանի Հանրապետությունը և Ադրբեջանի Հանրապետությունը պետք է խաղաղության մեջ ապրեն, իհարկե, սահմանազատումն անհրաժեշտ է, որովհետև չսահմանազատված տարածքները կարող են միշտ դառնալ բացասական գործողությունների խցան»։
Նախկին նախարարը հնարավոր է համարում, որ սահմանազատման հետ կապված որոշ աշխատանքներ իրականացվեն, որովհետև դա, անվտանգային բաղադրիչից բացի, նաև տնտեսական խնդիր է։
Հարցին՝ Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղություն հնարավո՞ր է, Դավիթ Տոնոյանը պատասխանեց․«Կուզեի հավատալ»։


