
8 տարում ինչի միջով ասես՝ անցանք, հիմա էլ կենդանիներին են քնեցնում․ Ռոզա Ծառուկյան
Գագիկ Ծառուկյանի դուստրը՝ Ռոզա Ծառուկյանը, հայտարարել է, որ իրենց ընտանիքը միշտ հեռու է եղել քաղաքականությունից, իսկ ներկայում տեղի ունեցողը համարում է ապօրինի գործողություն։
«Մեր հայրը միշտ մեզ՝ իր ընտանիքին, հեռու է պահել քաղաքականությունից։ Այն, ինչ կատարվում է, ակնհայտ օրենքից դուրս է։ Թող քաղաքացիները հասկանան՝ նման բան կարող է ցանկացածի դուռը թակել»,- ասել է նա։
Ռոզա Ծառուկյանի խոսքով՝ իր հայրը տարիներ շարունակ զբաղվել է բարեգործությամբ, իսկ ընտանիքը մշտապես ականատես է եղել այդ գործունեությանը։
Նա անընդունելի է համարել Գագիկ Ծառուկյանի նկատմամբ իրականացված գործողությունները՝ հիշեցնելով խուզարկությունների, կալանավորման և բիզնեսների գործունեության դադարեցման մասին։
«Ութ տարվա ընթացքում որևէ հիմք, որևէ լուրջ բան չգտնելով՝ հիմա գալ ու որպես խնդիր ներկայացնել կենդանիներին, որոնց մարդը տարիներ շարունակ պահել է, ուղղակի անհասկանալի է։ Այդ կենդանիները նորություն չեն, գաղտնի չեն եղել, բազմիցս դուք դրանք տեսել եք հեռուստատեսությամբ ու լրատվամիջոցներով։ Դա հորս հոբբին է, նախասիրությունը»,- ասել է նա։
Ռոզա Ծառուկյանը նշել է, որ ընտանիքը դեռ մանկուց է կապված եղել այդ կենդանիների հետ․ թոռները գնացել են, կերակրել կենդանիներին, բադիկներին հաց տվել, իսկ այդ տարածքը եղել է ընտանիքի համար ժամանակ անցկացնելու վայր։
Ռոզա Ծառուկյանը նաև նշել է, որ քրիստոնեական արժեքները միայն խոսքերով չեն արտահայտվում․ «Մարդը մարդուն չի կարող դատել, բոլորի դատավորը Աստված է»։
Նա վստահեցրել է, որ այս փորձությունն էլ կանցնի, սակայն կոչ է արել մարդկանց զգոն լինել՝ նշելով, որ այսօր արվող քայլերի հետևանքները կարող են զգալ նաև ապագա սերունդները։


