
Google-ը կօգտագործի օգտատերերի որոնումների տվյալները՝ AI գործիքը «մարզելու» համար
Google-ը մեծացնում է իր որոնման ծառայությունների միջոցով հավաքվող տվյալների ծավալը․ տվյալները կարող են օգտագործվել արհեստական բանականության (AI) գործիքը «մարզելու» համար․ գրում է Euronews-ը։
Տեխնոլոգիական հսկան հայտարարել է, որ առաջիկա ամիսների ընթացքում աստիճանաբար կթարմացնի իր որոնման ծառայությունների՝ Search-ի, Maps-ի, Shopping-ի, Flights-ի, Hotels-ի, Translate-ի և News-ի կարգավորումները։
Այժմ հարթակը կարող է պահպանել տվյալներ, այդ թվում՝ օգտատերերի որոնումների պատմությունը, իր ծառայությունների միջոցով այցելած կայքերից ստացված տեղեկությունները և արհեստական բանականության հետ հարցուպատասխանից ստացված պատասխանները։ Այն կարող է ներառել նաև օգտատերերի վերբեռնած մեդիաֆայլերը՝ պատկերները, ֆայլերը, աուդիո և տեսագրությունները։
Ընկերությունը նշում է, որ այս քաղաքականությունը չի տարածվում Google Photos ծառայության վրա։
Փոփոխությունը ներկայացվում է որպես Google-ի որոնման ծառայությունների գաղտնիության կարգավորումների թարմացում, որից օգտատերերը, ընկերության պնդմամբ, կարող են հրաժարվել՝ իրենց օգտահաշիվներում փոխելով կարգավորումները։


