
Ծառուկյաններին պատկանող բազմաթիվ կենդանիներ սովի են մատնվել, իսկ սատկած առյուծը կարող էր հղի լինել․ լրագրող
Ծառուկյանի ընտանիքին պատկանող բազմաթիվ կենդանիներ սովի են մատնվել իրավապահների գործողությունների հետևանքով․ գրում է «Էկո-մեդիա» լրագրողական ցանցի համահիմնադիր, լրագրող Նարինե Կիրակոսյանը։
«Այգու (Ծառուկյանների տան այգու- խմբ․) աշխատակիցներից մեզ փոխանցեցին, որ կնքված են այգու մուտքի դռները, ոստիկաններն էլ թույլ չեն տալիս կենդանիների և բույսերի խնամակալներին մտնել տարածք, ջրել բույսերը, կերակրել բազմաթիվ թռչուններին, ձկներին, նաև՝ 12 ազնվացեղ սպորտային ձիերին (արաբական, անգլիական տեսակի նժույգներ), 9 նեղոսյան կոկորդիլոսներին։
Ըստ կենդանաբանների՝ ձիերը մեկ օրից ավելի սովին ու անջրդի չեն դիմանում, սկսում են հյուծվել։ Ծառուկյանի ձիերը մեկ օրից ավելի ջուր անգամ չեն խմել։ Կոկորդիլոսները կերակրվում են շաբաթը մեկ, սակայն նրանց կերակրման օրը վաղուց լրացել է, և նրանք 10 օրից ավելի է՝ սոված են։ Նույն ահավոր վիճակում են հայտնվել թռչուններն ու այլ կենդանատեսակները, որոնց շաբաթ օրվանից խնամակալները չեն կարողացել անգամ մի ցորեն տալ։
Տարածք մուտք գործել թույլ չեն տվել նաև ձիասպորտի վարպետին իր սաների հետ։ Այս լուսանկարում նա վնասված ոտքով ժամեր շարունակ սպասում է Քննչական կոմիտեից թույլտվության։
Կենդանիների նկատմամբ փաստացի դաժան վերաբերմունք է ցուցաբերվում, նրանց ջրազրկման ու սովի են մատնել։ Այս կենդանիները քաղաքականության հաշվեհարդարի զոհ չպետք է դառնային, բայց դարձան։ Իսկ մեր պետական մարմինները տարան հենց դրան։
Պետական պաշտոնյաներից ամեն ոք այս հարցում պետք է գործեր ի շահ կենդանիների, ոչ թե իր սեփական աթոռը կորցնելու վախով։
Եվ պետք է բացառել այս կենդանիների տեղափոխումն այլ տեղ, քանի որ Հայաստանում չկա նրանց համար է՛լ ավելի հարմարավետ պայմաններ, քան Ծառուկյանենց ընտանիքը։ Լուսանկարների հետ դնում եմ նաև Երևանի կենդանաբանական այգի տեղափոխված առյուծների ու վագրերի կադրերը։ Ֆոտոյով ֆիքսել եմ դրվագներ, որոնք ապացուցում են, որ․
- Կենդանաբանական այգու աշխատակիցները հատուկ տեսակի «Cites»-յան կատվազգիներին ինչպես են կոպիտ խախտումներով քնեցրել ու տեղափոխելուց նույնիսկ շնչառական խողովակ չեն տեղադրել։ Էլ չեմ ասում, թե կենդանու գլխի ու վզի հատվածն ինչ վայրենավարի են տանում, որի հետևանքով սատկել է սպիտակ առյուծներից մեկը։
Դեռ պարզ չէ՝ մյուսներն ինչպե՞ս են։
Բացի դա, ըստ Կենդանաբանական այգու հաղորդագրության, սատկած կենդանին ծեր էր և ճարպակալած։ Այնինչ այդ առյուծը, ըստ մասնագետների, ընդամենը 12 տարեկան էր և կարող էր հղի լինել։ Դա դեռ պետք է ճշտվի, եթե կենդանու դին տան տերերին։
Եվ հետո, սկզբում տարածեցին ինֆորմացիա, թե որձն է անկել, հետո էլ, թե էգը։ Որտե՞ղ գտնենք ճիշտը։ - Կենդանաբանական այգու գիտական գծով փոխտնօրեն Աշոտ Ասլանյանը լրագրողներին ասել է, թե Ծառուկյանի առյուծները բետոնին էին պահվում։ Տեղադրում եմ նաև առյուծների ազատավանդակի տեսանյութը, որից պարզ է դառնում, որ Աշոտ Ասլանյանը սխալվում է, առյուծները հողի, ավազի վրա էին ապրում, մինչև Կենդանաբանական այգու աշխատակիցների ոչ համաչափ գործողությունների հետևանքով առյուծը սատկեց»,- մանրամասնել է լրագրողը։



