Փաշինյանի դեմ պայքարում խանգարում է մարդկանց այն հատվածը, որը փորձում է հարմարվել․ Աննա Մկրտչյան
Մեր հասարակության զգալի հատվածը պատրաստ է պետություն պահելու, պատրաստ է Արցախի հարցը փակված չհամարել․ այս գործում քաղաքագետ Վահե Հովհաննիսյանը որպես ռեսուրս երեք մարմին է տեսնում․ եկեղեցին, անհատներն ու բանտերը։
«Պետականություն ստեղծելուց հետո շատ վատ է, որ մեր ճգնաժամային ռեսուրսները մնացել են եկեղեցին, անհատներն ու բանտերը, որտեղ մեր ընկերներն են, ընդ որում՝ Երևանի և Բաքվի։ Մենք խոսում ենք Բաքվի բանտերում հայ գերիների դատավարության մասին, բայց այսօր այն օրին ենք հասել, որ Բաքվում Վագիֆ Խաչատրյանի դատավարությունից ոչնչով չի տարբերվում Երևանում ընթացող, օրինակ, Արմեն Աշոտյանի դատը։ Չեմ կարող հիմնավորել ասածս, բայց Բաքվում հայերի դատավարությունները չեն ավարտվելու, քանի դեռ Երևանի բանտերում խնդիրը չի լուծվել։ Բանտերում գտնվող մարդկանց ռեսուրսը պետք է օգտագործել»,-ասել է Վահե Հովհաննիսյանը։
Քաղաքագետը կարծում է՝ քաղաքական պայքարի հասցեատերը քաղաքացին է՝ փողոցում, թե գրասենյակում։ Խորհրդարանում ընդդիմադիրների և իշխանության հարաբերությունները ապակողմնորոշում է քաղաքացիներին։
«Օրինակ՝ երբ քաղաքացին հեռուստատեսությամբ դիտում է՝ ինչպես են ընդդիմադիր պաշտոնյանները շփվում գործող իշխանության անդամների հետ՝ «պարոն վարչապետ», «պարոն նախարար» դիմում, հանգիստ աշխատում են իրար հետ, մտածում են իլյուզիա է։ Ես չեմ ասում՝ ինչ որ մեկին վիրավորելու համար, բայց սա օբեկտիվ իրականություն է։ Հանրությունը ասում է՝ ուզում ենք պայքարել, բայց ինչպե՞ս»,-ասել է նա։
Հարցը ուղղելով պատգամավոր Աննա Մկրտչյանին՝ Հովհաննիսյանն ասել է՝ 10 ամիս առաջ ունեինք հնարավորություն Արցախում իրավիճակ փոխելու։ Հիմա փոփոխությունների համար ի՞նչ պետք է անել։ Միգուցե տեսանկյուննե՞ր են պետք փոխել։
«Մենք ռեսուրսի խնդիր այլևս չունենք, որովհետև հայ հասարակության զգալի հատվածի իրականության գիտակցումը նաև որպես ձեռքբերում եմ ընկալում։ 2018 թվականից սկսած անդադար ասում ենք, բայց չենք գտնում՝ ինչ անել հարցի պատասխանը։ Մեր հասարակության զգալի մասն արդեն համոզված է, որ գործող իշխանությունը դավաճան է։ Օրինակ՝ քաղաքացիների հետ շփվելով՝ էլ չենք ստանում հարցեր՝ ինքը իրո՞ք դավաճան է։ Նիկոլի դեմ պայքարում մեզ խանգարում է այն հատվածը, որ գիտակցում է՝ իշխանությունը փոխելով իրավիճակը կփոխվի, բայց փորձում է հարմարվել։ Այդ հարմարվողները պետք է դուրս մղվեն ընդդիմության շրջանակից»,- ասել է պատգամավորը։