
«Հեքիաթ» ճամբարը կգործի առանց խոհանոցի․ այն մաքուր ու նորոգ վիճակում չի եղել (լուսանկարներ)
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի՝ «Հեքիաթ» ճամբարում (Կոտայքի մարզ, գյուղ Մեղրաձոր) իրականացրած վերահսկողության ընթացքում պարզվել է, որ խախտվել են իրավական ակտերով սահմանված սանիտարահիգիենիկ պահանջները, տեղեկանում ենք ՍԱՏՄ լրատվական ծառայությունից։
«Մասնավորապես պարզվել է, որ
- սննդի կառույցը չի պահվել մաքուր և նորոգ վիճակում,
- խոհանոցի պահեստային հատվածի պատերը չեն ունեցել հարթ, պատշաճ մաքրման և ախտահանման ենթակա մակերես, չեն գտնվել նորոգ վիճակում,
- խոհանոցի առաստաղը կառուցված չի եղել այնպես, որ կանխարգելվի բորբոսի աճը և մասնիկների թափվելու հնարավորությունը,
- սառնարանը և դարակաշարերը ենթարկված են եղել քայքայամաշման (կոռոզիայի), պատշաճ չեն մաքրվել և չեն ախտահանվել։
Տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ «Հեքիաթ» ճամբարի խոհանոցի արտադրական գործունեությունը կասեցվել է մինչև հայտնաբերված խախտումները վերացնելը»,- ասված է հաղորդագրությունում:


