14 Հուլ
2026
35° c ԵՐԵՎԱՆ
26° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Այլախոսին թշնամի են համարում իշխանականները․ քննարկում՝ քաղաքական դրդապատճառներով հետապնդումների մասին

Այլախոսին թշնամի են համարում իշխանականները․ քննարկում՝ քաղաքական դրդապատճառներով հետապնդումների մասին

Մենք ունենք միջազգային իրավունքի չափորոշիչներին համապատասխանող օրենքներ, որոնք գործող իշխանությունը ուղղակիորեն խախտում է. այսօր Քաղաքական դրդապատճառներով հետապնդվող անձանց իրավունքների հարցերով հանձնաժողովի առաջին ասուլիսին ասել է ՀՀ առաջին ՄԻՊ Լարիսա Ալավերդյանը։

«Ես օրինակ՝ ինձ ընդդիմադիր գործիչ չեմ կարող համարել, որովհետև որևէ կուսակցության անդամ չեմ, քաղաքական գործընթացների հետ կապված չեմ, բայց գործող իշխանության քայլերի դեմ խոսելիս ընդդիմադիր են կոչում բոլորին։ Այսինքն՝ ցանկացած այլախոսի իշխանությունը թշնամին է համարում։ Եվ այդ թշնամանքը ներթափանցել է ընտանիքներ, ընկերական շրջապատ»,- ասել է Ալավերդյանը։

Մամուլի ասուլիսի ժամանակ քաղաքագետ Ստեփան Դանիելյանն էլ նշել է, որ Հայաստանում չի գործում Սահմանադրությունը, օրենքները գրեթե ամբողջությամբ չեն գործում։

«Մենք պետք է մի կողմ դնենք քաղաքական անհամաձայնությունները և միավորվենք։ Այդպես կարող ենք վերականգնել Հայաստանի սահմանադրական երկիր լինելը»,- ասել է քաղաքագետը։

ԱԺ պատգամավոր Էլինար Վարդյանյանը թվարկել է՝ ովքեր են այս ընթացում քրեական գործերով անցնում․ Սամվել Կարապետյանը տնային կալանքում է, Գագիկ Ծառուկյանը՝ կալանավորված, Ռոբերտ Քոչարյանը քրեական գործով է անցնում։ Նա ընդգծել է, որ քաղաքական ուժերի ղեկավարները նախընտրական և հետընտրական փուլում քաղաքական հետապնդումների են ենթարկվում։

«Գործող իշխանությունը քարոզարշավի ժամանակ սպառնում էին՝ ունեզրկել, դատել, մյուս բառերը չեմ էլ ուզում ասել, և անում են ապօրինի։ Իմ թվարկածները հայտնի դեպքեր են, բայց քաղաքական բռնաճնշումները դրանով չեն ավարտվում։ Մենք ուզում ենք հավաքագրել բռնաճնշումների ենթարկվածների ցուցակ՝ նրանց կողքին լինելու, աջակցելու համար», – ասել է Էլինար Վարդանյանը։

Նա նշել է՝ գործող իշխանությունը ոչինչ չի խնայելու, պատրաստ է օրվա հացից զրկել քաղաքացուն՝ իր քաղաքական օրակարգը առաջ տանելու համար։

 

 

Ընտրություն 2026   Ընտրություն 2026