
Ֆրանսահայ օծանելիքագործը պարգևատրվել է Ֆրանսիայի Պատվո լեգեոնի շքանշանով
Հայ օծանելիքագործ Ֆրանսիս Քյուրքջյանը պարգևատրվել է Պատվո լեգեոնի շքանշանով՝ Ֆրանսիայի բարձրագույն քաղաքացիական պարգևով․ գրում է The Armenian Report-ը։
Ամենամյա այս պարգևները շնորհվում են անձանց, որոնց գործունեությունը նշանակալի ազդեցություն է ունեցել հանրային կյանքի, մշակույթի, գիտության, բիզնեսի և այլ ոլորտների զարգացման վրա։
Քյուրքջյանը ծնվել է Փարիզում` հայերի ընտանիքում։ Նա համահիմնադրել է օծանելիքի արտադրությամբ զբաղվող Maison Francis Kurkdjian ընկերությունը, այնուհետև դարձել Christian Dior-ի օծանելիքագերծության բաժնի ստեղծագործական ղեկավար։ Նրա ստեղծած բույրերը նշանակալի դեր են ունեցել ժամանակակից օծանելիքագերծության ոլորտի զարգացման գործում՝ ապահովելով նրան համաշխարհային ճանաչում:
Անդրադառնալով լուրին՝ Քյուրքջյանն Instagram-ի իր էջում գրել է․ «Այս առավոտ խորին երախտագիտությամբ տեղեկացա, որ արժանացել եմ Պատվո լեգեոնի ասպետի կոչմանը։ Այս պարգևը մեծ պատիվ եմ համարում և կիսում բոլոր նրանց հետ, ովքեր տարիների ընթացքում եղել են իմ կողքին»։
Նա նշել է, որ պարգևը նաև ամրապնդում է իր հանձնառությունը՝ շարունակելու իր երկու հիմնադրամների՝ PerFumum-ի և Francis Kurkdjian հիմնադրամի գործունեությունը։
Ֆրանսիս Քյուրքջյանը հեղինակել է աշխարհահռչակ Baccarat Rouge 540 բույրն, ինչպես նաև Ժան Պոլ Գոտյեի լեգենդար Le Mâle օծանելիքը։ Իր մասնագիտական գործունեության ընթացքում նա ստեղծել է ավելի քան 40 բույր։


