
ՀՀ-ն «բացել է դիվերսիֆիկացման դուռը», սակայն հավասարակշռություն պահպանելը գնալով դժվարանում է․ Axios
Հայաստանը ձգտում է «դիվերսիֆիկացիայի»` փորձելով վերափոխել իր էներգիայի աղբյուրներն, արհեստական բանականության իր ապագա հաճախորդներին, իր մատակարարման շղթայի բաղադրիչները և այն երկրները, որոնցից կախված է զենքի առումով․ Axios-ին հայտնել է ԱՄՆ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Նարեկ Մկրտչյանը։
Հայաստանը գտնվում է Իրանի և Ռուսաստանի միջև, որոնք ԱՄՆ-ի ազգային անվտանգության երկու ամենահրատապ սպառնալիքներից են։
Այն նաև Թրամփի վարչակազմի միջնորդությամբ և գովազդով կնքված խաղաղության համաձայնագրի կողմ է, որը կարող է վերաձևավորել Հարավային Կովկասը։
«Խաղաղության բացակայության պատճառով՝ մեծ ներուժ է արգելափակվել», – նշել է Մկրտչյանը՝ հավելելով, որ ավելի շատ ինքնիշխանություն նշանակում է մեկ խաղացողից ավելի քիչ կախվածություն։
Խորհրդային զենքով վաղուց զինված Հայաստանը զարգացող հարաբերություններ է հաստատել Ֆրանսիայի և Հնդկաստանի, ինչպես նաև այլ կառավարությունների հետ։
Ավելին՝ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի՝ փետրվարյան այցից հետո առաջին անգամ հայտարարվեց V-BAT գործարքի մասին։ Անօդաչու թռչող սարքերը, որոնք նաև օգտագործվում են Ճապոնիայի, Նիդեռլանդների և Ուկրաինայի կողմից, արտադրվում են Shield AI-ի կողմից։
«Հիմա դուռը բաց է։ Տասնամյակներ անց մենք հնարավորություն ունենք ձեռք բերել պաշտպանական տեխնոլոգիաներ ԱՄՆ-ից», – նշել է Մկրտչյանը։
Նրա խոսքով՝ ՀՀ-ի համագործակցությունն ԱՄՆ-ի հետ, օրակարգի ընդլայնումն ԱՄՆ-ի հետ կամ վերջերս Եվրամիության հետ սերտ երկխոսությունը տարբեր ռազմավարական կարևոր թեմաների շուրջ Ռուսաստանի, Իրանի, Չինաստանի կամ որևէ այլ երկրի դեմ չեն։
Ինչպես նշել է հարթակը, այդ հավասարակշռությունը պահպանելը գնալով ավելի դժվար կլինի, քանի որ հին դաշինքները լարվում են։


