
Իմ հայրենիքի դեմ ոչինչ չեմ արել՝ անկախ մեղադրանքում առկա ցնորամիտ ենթադրություններից․ Արեգնազ Մանուկյանն ուղերձ է հղել ՔԿՀ-ից
Ստորև ներկայացնում ենք ՀՀ ԱԺ 8-րդ գումարման պատգամավոր, «Մայր Հայաստան» կուսակցության վարչության անդամ, ԲՀԿ ցուցակով պատգամավորի թեկնածու Արեգնազ Մանուկյանի ուղերձի հիմնական կետերը.
- Ես չեմ արել ոչինչ, որի համար իրավական կամ նույնիսկ բարոյական պատասխանատվության պիտի կանչվեմ։ Ես չեմ արել ոչինչ ընդդեմ իմ հայրենիքի ու իմ պետության՝ անկախ այն ցնորամիտ ենթադրություններից, որոնք կան իմ շինծու մեղադրանքում,
- Ժամանակն ու փաստերը ապացուցելու են իմ անմեղությունը։
- Ինձ կալանավորելու միջնորդությունում չկա բացարձակապես որևէ փաստական հիմք։ Այն ամբողջությամբ կառուցված է ինչ-որ մեկի ենթադրությունների և վառ երևակայության վրա։ Այդ ենթադրությունների և իրավապահների քաղաքական հպատակության արդյունքում ես այսօր բացարձակապես մեկուսացված եմ աշխարհից և զրկված եմ նույնիսկ 13-ամյա դստերս ու 85-ամյա մորս հետ հեռախոսով խոսելու հնարավորությունից։
- Ինչո՞ւ Անդրանիկ Թևանյանի կալանավորումից միայն մեկուկես ամիս անց կալանավորվեցի ես, թեև մեզ նույն «գործի» շրջանակում են մեղադրանքներ առաջադրված։ Այդ ի՞նչը հայտնի չէր իմ մասին մայիսի 23-ին, որ հայտնի դարձավ հուլիսի 9-ին միայն։ Այս հարցերին ավելի ուշ կանդրադառնամ։


