
Կրակոցներ՝ Լոռու մարզում․ հրազենային վնասվածքներով նախ Ստեփանավանի, ապա Վանաձորի հիվանդանոց է տեղափոխվել 30-ամյա տղամարդ․ Shamshyan.com
Այսօր՝ հուլիսի 16-ին, կրակոցներ են հնչել Լոռու մարզում։ Ժամը 19։50-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Լոռու մարզային վարչությունում «Ստեփանավան» բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել, որ հրազենային վնասվածքներով իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի. հայտնում է Shamshyan.com-ը։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց են մեկնել Լոռու մարզի քրեական վարչության ծառայողները՝ վարչության պետ Արսեն Ոսկանյանի գլխավորությամբ։ Տեղում բժիշկները իրավապահներին հայտնել են, որ վիրավորը ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություն տալու, քանի որ գտնվում է վիրահատարանում։
Գ․ Շամշյանի տեղեկություններով վիրավորը Երևանի բնակիչ 30-ամյա Գևորգ Թ․-ն է, ով հիվանդանոց է տեղափոխվել Ստեփանավան խոշորացված համայնքի Հոբարձի բնակավայրից։
Դեպքի փաստով Ստեփանավանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։


