
«Պատիվ ունեմ»-ը| նաև ԱԱԾ-ում․ ինչո՞ւ է ուժային կառույցը ցանկանում գործակցել ուսանողների հետ
Զինվորական «Պատիվ ունեմ» ծրագիրը, որն ուսանողին տալիս է տարկետման հնարավորություն` ուսումնառության ավարտից հետո ՀՀ զինված ուժերում սպայական երեք տարվա պարտադիր ծառայության անցնելու պայմանով, կարող է ներդրվել նաև ԱԱԾ-ում. տեղեկանում ենք Իրավական նախագծերի հրապարակման e-draft միասնական հարթակից։
Օրինագիծը մշակել ու հանրային քննարկման է ներկայացրել հենց ԱԱԾ-ն։ Հանրային քննարկումն ավարտվելու է օգոստոսի 4-ին, ինչից հետո էլ պարզ կլինի նախագծի հետագա ճակատագիրը։
Ինչո՞ւ է ուժային կառույցը ցանկանում ուսանողներին նաև ԱԱԾ-ի հետ գործակցելու և պայմանագիր կնքելու առաջարկ անել․ նախագծի հիմնավորմամբ՝ դա պայմանավորված է ԱԱԾ-ում զինծառայության գրավչությունը բարձրացնելու, կադրային ներուժը զարգացնելու, բարձրագույն կրթությամբ զինծառայողներով համալրելու և այլնի հետ։


