23 Հուլ
2026
34° c ԵՐԵՎԱՆ
26° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Եվա Դանիելյանի «հակապետական» որակված նկարի պատմությունը

Եվա Դանիելյանի «հակապետական» որակված նկարի պատմությունը

11-ամյա Եվա Դանիելյանի «հակապետական» նկարը աճուրդով վաճառվել է 1800 դոլարով։ Այն գնել է ՌԴ-ում ապրող Գայանե Աղաբեկյանը։

«Կյանքում չէի պատկերացնի, որ Արցախի մասին պատմող նկարը կհեռացնեն ցուցահանդեսի պատից»,- ավելի վաղ ABC Media-ի հետ զրույցում ասել էր 11-ամյա Եվա Դանիելյանը։

11-ամյա Եվան ցուցահանդես է գնացել «Դեդո-բաբոյի» նկարով։ Այն նկարել է ցուցահանդեսից մի քանի օր առաջ։

«Ընտրել եմ այս գույները, որովհետև ես այս գույների մեջ էի պատկերացնում։ Շատ եմ սիրում այս գույները»,- ասել է Եվա Դանիելյանը։

Երևանի Անուշավան Տեր-Ղևոնդյանի անվան երաժշտական դպրոցում ամենամյա ցուցահանդեսին նախապատրաստվելիս Եվայի ուսուցչուհին երեկոյան նրա նկարը տեղադրել է ցուցափեղկում։ Առավոտյան նկարը այնտեղ չի եղել։ Հեռացվել էր տնօրենի որոշմամբ։ Ուսուցչուհին այն կրկին փակցրել է նույն տեղում, իսկ Եվան այդ մասին իմացել է վերջում։

«Իմացա, որ ուսուցչուհին դուրս է գալու աշխատանքից, լացել եմ։ Շատ եմ սիրում նրան»,-պատմել է աղջիկը։

Ուսուցչուհի Սոնա Ջարահյանը ցուցահանդեսից հետո զրույց է ունեցել դպրոցի տնօրենի հետ, ապա դիմում գրել և հեռացել աշխատանքից։ Մեզ հետ զրույցում նա մանրամասներ չներկայացրեց, սակայն արդեն նոր աշխատանք է գտել։

Եվան նույնպես այլևս չի հաճախելու այդ դպրոցում գործող նկարչության խմբակ։

«Հիմա արձակուրդ է, չեմ գնում, բայց որտեղ նորից գործի ընդունվի նկարչության ուսուցչուհիս, ես էլ կգնամ այնտեղ»,- ասել է Եվան։

Նկարի հեռացման մասին «Արցախյան մշակույթի պահպանման կենտրոն» հասարակական կազմակերպությունը տեղեկացել է շուրջ մեկ ամիս առաջ։ Կազմակերպությունը պարզաբանում է պահանջել ԿԳՄՍ նախարարությունից և Երևանի քաղաքապետարանից։

«ԿԳՄՍ նախարարությունից պաշտոնապես հերքել են, որ ուսումնական կամ մշակութային հաստատություններին Արցախի հետ կապված խորհրդանիշների գործածման որևէ սահմանափակում կամ հրահանգ է տրվել։ Երևանի քաղաքապետարանը կազմակերպությանը փոխանցել է դպրոցի տնօրենի պաշտոնակատարի պարզաբանումը»,- ասել է ՀԿ-ի նախագահ Ապրես Մարգարյանը։

Ըստ Մարգարյանի՝ դպրոցի տնօրենը նկարը հեռացրել է՝ այն «հակապետական» որակելով։ Դպրոցի տնօրենի հետ կապ հաստատել չհաջողվեց։ «Արցախյան մշակույթի պահպանման կենտրոնի» ներկայացուցիչ Ապրես Մարգարյանի խոսքով՝ Արցախի թեմայով գործող իշխանությունը հատուկ քաղաքականություն է վարում՝ դպրոցներից մինչև քաղաքական և հասարակական կյանք։

«Մեզ համար շատ աբսուրդային է, որ կառավարության անդամը հայտարարություններ է անում՝ հակասելով հենց իրենց ընդունած կառավարության որոշմանը։ Խոսքը 2023 թվականին ընդունված Հայ մշակութային պահպանման հայեցակարգի մասին է, որում հստակ ամրագրված է նաև արցախյան մշակութային ժառանգության պահպանումը։ Փաստացի ստացվում է, որ ընդունում են որոշումներ, որոնք դեկորատիվ բնույթ են կրում, և այդ որոշումներից բխող գործողությունները որևէ ձևով չեն կատարվում»,- ասել է Ապրես Մարգարյանը։

ՀԿ-ն նաև տեղեկություններ է ստացել տարբեր համույթներից և մշակութային կոլեկտիվներից, որ «Արցախ» անվանմամբ ստեղծագործությունների կամ բեմադրությունների անունները փոխելու վերաբերյալ հրահանգներ են եղել։

Մինչ գործող իշխանությունը տարբեր մակարդակներում փորձում է փակել Արցախի թեման, Եվան և նրա նման բազմաթիվ երեխաներ շարունակում են երազել Արցախ տուն վերադառնալու մասին․ «Նկարել եմ ու կնկարեմ»։

 Անի Աբաղյան

 

Ընտրություն 2026   Ընտրություն 2026