
ՊԵԿ-ը շուկայում հայտնաբերել է կեղծ դրոշմապիտակներով «Կիլիկիա» գարեջրեր․ «Հետք»
Պետական եկամուտների կոմիտեն շուկայում կեղծ դրոշմապիտակներով «Կիլիկիա» գարեջրեր է հայտնաբերել։ Ինչպես մեզ տեղեկացրին ՊԵԿ-ից, ընթացիկ հսկողության շրջանակում արձանագրված կեղծ նույնականացման միջոցները փակցված են եղել «Կիլիկիա» գարեջրի 0.33լ տարողությամբ շշերի վրա․ գրում է «Հետք»-ը։
Կոմիտեի աշխատակիցները հավաքել են դրանք շուկայից. հարկային իրավախախտման առարկա հանդիսացող գույքի նկատմամբ կիրառվել է բռնագրավում։
Ավելի վաղ, ընթերցողի ահազանգի հիման վրա «Հետք»-ն ուսումնասիրությամբ արձանագրել էր, որ «Կիլիկիա» գարեջրի որոշ խմբաքանակների Data Matrix ծածկագրերը չեն աշխատում։ Արտադրում է «Երևանի գարեջուր» ՓԲԸ-ն։
Data Matrix (Դատա մատրիքս) երկչափ մատրիցային ծածկագրերը փակցվում են յուրաքանչյուր ապրանքի վրա և առավել հայտնի են որպես QR կոդեր, որոնք փոխարինելու եկան նախկին ակցիզային դրոշմապիտակներին։
Հայաստանում ներկայում Data Matrix ծածկագրեր է գեներացնում և տնտեսվարողներին վաճառում «Ի-Մարկ» ՍՊԸ-ն, որն ապրանքների դրոշմավորման ազգային օպերատորն է։ Յուրաքանչյուր քաղաքացի կարող է նշված ընկերության E-Mark հավելվածով սքանավորել կոդը և տեսնել տվյալ ապրանքի մասին տեղեկությունները։ Եթե գործողությունը հաջողվում է, նշանակում է՝ ապրանքը շրջանառվում է, այսպես կոչված, «սպիտակ դաշտում», և այն տեսնում է նաև ՊԵԿ-ը։ Մեր նշած օրինակներում դա չէր հաջողվում։
Հարց էինք բարձրացրել՝ արդյո՞ք ապրանքների դրոշմապիտակների չընթերցվող ծածկագրերը նշանակում են, որ «Երևանի գարեջուր» ՓԲԸ-ի արտադրանքի մի մասը գտնվում է ստվերային շրջանառության մեջ և, հետևաբար, դուրս է հարկման դաշտից:
Շարունակությունը՝ սկզբնաղբյուրում։


