
ԱՄՆ-ում սկսում են հավատալ պատերազմում հաջողության հասնելու Ուկրաինայի կարողությանը․ Politico
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ համոզել է Միացյալ Նահանգներին պատերազմում հաղթելու Ուկրաինայի կարողության հարցում․ հայտնում է Politico-ն։
Հրապարակման համաձայն՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ հանդիպումից հետո Զելենսկին Վաշինգտոնից հեռացել է լավատեսական տրամադրությամբ։ Ուկրաինական կողմի համար լրացուցիչ հաջողություն էր ԱՄՆ Սենատի կողմից ռուսական նավթ գնող երկրների դեմ նոր պատժամիջոցներ սահմանող օրինագծի հաստատումը։
Ինքը՝ Զելենսկին, ինչպես նշում է պարբերականը, ընդգծել է, որ պատժամիջոցները կօգնեն ամրապնդել Ուկրաինայի հաջողությունները մարտադաշտում և մոտեցնել խաղաղության բանակցությունները՝ միաժամանակ կրկնելով գործընկերներին ուղղված իր կոչն՝ ընդլայնել հիմնական զենքի համակարգերի մատակարարումները։
Politico-ն նաև նշում է, որ ամերիկյան քաղաքական վերնախավում աճում է պատերազմում հաջողության հասնելու Ուկրաինայի կարողությանը հավատացողների թիվը։ Սենատոր Ջոն Բուզմանի խոսքով՝ տրամադրության այս փոփոխությունը կապված է ռազմաճակատում ուկրաինական ուժերի վերջին հաջողությունների հետ։ «Թրամփի և Զելենսկիի միջև հարաբերությունները հիմա զգալիորեն տարբերվում են մեկ տարի առաջվա համեմատ՝ հատկապես հաշվի առնելով, որ Ուկրաինան զգալի առաջընթաց է գրանցում պատերազմում», – նշել է Թրամփի վարչակազմի նախկին պաշտոնյան։


