
Երևանից կիլոմետրեր հեռու ապրում է մի կին, որ արևածագից մի քիչ ուշ է արթնանում ու սուրճի ընկերոջը սպասում
Մայրաքաղաքի աղմուկից ու փոշուց հեռու կա մի գյուղ, որտեղ մարդիկ մարդկանց են սպասում։ Այդ գյուղում մարդկանց հետ մեկտեղ չկա դպրոց, դեղատուն, տրանսպորտ, գազ․․․ և այսպես շարունակ։ Փոխարենը՝ այնտեղ կանաչ ծառեր ու ձորեր կան։ Պարզապես հարց է՝ «չկանե՞րն» են շատ, թե՞ ծառերը։
Մայրաքաղաքի աղմուկից ու փոշուց հեռու գյուղը Լոռու Ահնիձորն է, որ տեղացիները ցավոտ, բայց գեղեցիկ են բնութագրում․ «Ծերանոց՝ բաց երկնքի տակ»։
Ահնիձորի քիչ բնակիչներից մեկը՝ Ռիմա Ղազարյանը, չկաները թվարկելուց հետո ոգևորված սուրճ է դնում Երևանից Ահնիձոր գնացած հյուրերի՝ ABC Media-ի նկարահանող խմբի համար ու միաժամանակ արտասանում․
«Մեր գյուղն էն է, որ հպարտ,
Լեռների մեջ միգապատ,
Խոր ձորերի քարափին՝
Ձեռը տված ճակատին՝
Միտք է անում տխրադեմ․
Ի՞նչ է ուզում՝ չգիտեմ․․․»։
Սա այն եզակի օրերից էր, երբ գյուղի տանը տիկին Ռիման 4 գավաթ սուրճ է դնում։ Գյուղից հեռանում են մարդիկ, սուրճ խմող հարևանները․․․
«Ով փոքր երեխա ունի, գնում է քաղաք։ Այստեղ մնում են մեծահասակները»,- ասում է տիկին Ռիման։
Նրա խոսքով՝ գյուղում առօրյա կյանքը հեշտ չէ։ «Չկաները» թվարկելուց հետո ասում է․ ճանապարհներն արդեն ասֆալտապատել են, այդ առումով լավ է․ «Երբ քաղաքից ինչ-որ բան է պետք լինում, ցուցակ եմ գրում, տալիս մեր գյուղացիներից մեկին։ Փոքր գյուղ է, բայց մի ընտանիքի պես ենք ապրում»։
Ռիմա տատիկը Եղեգնուտ գյուղից է, տարիներ առաջ հարս է եկել Ահնիձոր։ Ամուսնու հետ ծանոթացել է հորեղբոր կնոջ թեթև ձեռքով։
«Հորեղբորս կինն Ահնիձորից էր։ Այդպես իրար տեսանք, ծանոթացրին, եկան, ուզեցին, ու ամուսնացանք»,-ասում է։
Նա 3 աղջիկ ունի։ Երկուսն ապրում են Վանաձորում, մեկը՝ Ռուսաստանում։ Թոռներ էլ ունի։ Հաճախ գնում է աղջիկների տուն կամ նրանց է հյուրընկալում, սակայն գյուղի տանը միայնակ է ապրում։
Ռիմա տատիկի ամենօրյա զբաղմունքը փոքրիկ այգին է։
«Փոքրիկ այգի ունեմ։ Վարդեր եմ աճեցնում, լոբի, վարունգ, լոլիկ։ Երեխաների համար էլ թարմ մթերք է լինում»,-ասում է։
Հայաստանի քարտեզի վրա փոքր, բայց կանաչ այս գյուղում հույս ունեն՝ մի օր այստեղ կրկին երեխաների ձայներ կլսվեն։
Այդ կանաչ գյուղում կա մի կին, որ արևածագից մի քիչ ուշ է արթնանում, մինչև 10։00-ը սուրճի ընկերոջը սպասում, հետո մեկ գավաթ պատրաստում ու հին տան բակում խմում՝ աչքը փայտե դռանը։
Անի Աբաղյան


