
Ինչո՞ւ և ի՞նչ է Իսրայելը զգուշացնում Էրդողանին
Իսրայելի և Թուրքիայի միջև լարվածությունը նոր փուլ է մտել։ Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը Անկարային ուղղված կոշտ հայտարարությամբ նշել է, որ Իսրայելը թույլ չի տա Թուրքիային Սիրիան օգտագործել իր դեմ և Էրդողանին զգուշացրել է՝ չհայտնվել այնպիսի իրավիճակում, ինչպիսի վիճակում հայտնվեց Իրանը։ Կացի ամենաքննարկված ձևակերպումը վերաբերում էր Երուսաղեմի և Կոստանդնուպոլսի համեմատությանը։ Թուրքագետ Ռուբեն Մելքոնյանի խոսքով՝ նման հայտարարությունները տեղավորվում են վերջին տարիներին թուրք-իսրայելական հարաբերություններում ձևավորված կոշտ հռետորաբանության շրջանակում։
«Վերջին շրջանում թուրք-իսրայելական հարաբերություններին բնորոշ է դարձել չափազանց կոշտ հռետորաբանությունը։ Եթե այս հայտարարությունը դիտարկենք այդ համատեքստում, ապա այն ոչ թե բացառություն է, այլ վերջին տարիներին ձևավորված նույն տրամաբանության շարունակությունը։ Փոխադարձ մեղադրանքներում ավելի հաճախ են օգտագործվում պատմական իրադարձություններին և պատմական հիշողությանը հղումները»,- նշել է Մելքոնյանը։
Նրա խոսքով՝ Իսրայելի կողմից Թուրքիայի և Իրանի համեմատությունը պետք է դիտարկել հիմնականում որպես քաղաքական հռետորաբանություն, քանի որ երկու երկրների իրավիճակները էականորեն տարբեր են։
«Իրանի և Թուրքիայի համեմատությունը քաղաքական ու ռազմական առումով հիմնավորված չէ։ Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամ է և Միացյալ Նահանգների դաշնակից, մինչդեռ Իրանի պարագայում իրավիճակը բոլորովին այլ է։ Այս համեմատությունն ավելի շատ պետք է դիտարկել որպես հռետորաբանության տարր, քան իրական քաղաքական գնահատական»,- ասել է թուրքագետը:
«Փակագիծ» վերլուծական հարթակի ղեկավար Հարութ Արթին Առաքելյանի գնահատմամբ՝ Իսրայել-Թուրքիա հակասությունների հիմքում ավելի լայն տարածաշրջանային մրցակցություն է։
«Թուրքիա-Իսրայել հարաբերություններն այնքան խորք ունեն, որ ես չեմ կարծում՝ կողմերը գնան լուրջ ռազմական բախման։ Այս պահին մենք ավելի շատ քաղաքական պայքարի և ազդեցության համար մրցակցության ականատես ենք»,- նշել է Առաքելյանը։
Նրա խոսքով՝ Սիրիան դարձել է այն ուղղություններից մեկը, որտեղ հատվում են Անկարայի և Թել Ավիվի շահերը։
«Թուրքիան փորձում է իր ազդեցությունն ամրապնդել տարածաշրջանում, իսկ Իսրայելը փորձում է պաշտպանել իր շահերը և թույլ չտալ, որ իր անվտանգության համար վտանգներ ձևավորվեն»,- ասել է Առաքելյանը։
Փորձագետների գնահատմամբ՝ չնայած փոխադարձ կոշտ հայտարարություններին, այս փուլում Իսրայելի և Թուրքիայի միջև ուղիղ ռազմական բախման հավանականությունը ցածր է։Նա նաև հավելել է, որ Իսրայելի և Թուրքիայի միջև ընթացող կոշտ հռետորաբանության խորքում ավելի լայն աշխարհաքաղաքական մրցակցություն է։ ԱՄՆ-ն և Իսրայելը փորձում են Թուրքիային պահել իրենց ռազմավարական հաշվարկների շրջանակում, մինչդեռ Անկարան փորձում է առավել շահեկան դիրք զբաղեցնել միջազգային քաղաքական դաշտում։


