
Ես բացարձակ խնդիր չունեմ ո՛չ Միրզոյանի կամ Կոնջորյանի կնոջ, ո՛չ Ռուբինյանի եղբոր հետ, բայց այդ ո՞նց է ստացվում, որ հենց նրանք են բարձր աշխատավարձով պաշտոններ զբաղեցնում․ Աննա Գրիգորյան
Երբ 2018 թվականին Գագիկ Ծառուկյանն առաջադրում էր Նիկոլ Փաշինյանին վարչապետի պաշտոնում, ինքն ուղղակի խոշոր սեփականատեր էր, ընդհանրապես օրենքի և օրինականության հետ կապված խնդիր չուներ։ Այն պահից սկսած, երբ Գագիկ Ծառուկյանը քաղաքական դիրքորոշումներ հնչեցրեց, միանգամից հայտնվեց կալանքի տակ, սա օբյեկտիվ իրականությունն է, որը դուք չեք կարող չտեսնել․ այսօր ԱԺ նիստում ասաց «Հայաստան» դաշինքի պատգամավոր Աննա Գրիգորյանը՝ դիմելով իշխող խմբակցությանը։
«Օրինակ՝ Սամվել Կարապետյանը 2021 թվականից հետո հանդիպումներ է ունեցել Նիկոլ Փաշինյանի հետ, և այն պահից սկսած, երբ հնչեցրել է որևէ միտք, որը ձեր քաղաքականությանը հակառակ է, միանգամից հայտնվել է կալանքի տակ։ Եթե այսօր Ռոբերտ Քոչարյանը չզբաղվեր քաղաքականությամբ, նրա նկատմամբ որևէ քրեական հետապնդում չէր լինի»,-ասաց պատգամավորը։
Նրա խոսքով՝ ում նկատմամբ հարուցել քրեական գործ՝ բացառապես պայմանավորված է նրանով, թե տվյալ մարդը քաղաքականության մեջ է, թե ոչ, և ինչպիսի դրսևորումներ այն ունի։
Պատգամավորը խոսեց նաև քաղաքական հովանավորչության մասին․ «Սիրելի՛ հայրենակիցներ, Ռուբեն Ռուբինյանի եղբայրը, ում ես բնականաբար չեմ ճանաչում, հավանաբար լավ էլ մասնագետ է, նշանակվել է Ամիո բանկի վարչության նախագահի առաջին տեղակալ, բիզնես զարգացման գլխավոր տնօրեն։ Առաջին հայացքից ի՞նչ մի խնդիր կա։ Ամբողջ հարցն այն է, որ Ամիո բանկի 25%-ը պատկանում է Կառավարությանը, և այն բանից հետո, երբ Կառավարությունը 25% մասնաբաժին է ձեռք բերում Ամիո բանկում, այդ պահից հետո է, որ Ռուբեն Ռուբինյանի եղբայրը նշանակվում է տվյալ բանկում բարձր պաշտոնի»։
Ռուբեն Ռուբինյանի եղբայրը, ըստ նրա, հանդիսանում է նաև Viva Armenia-ի կառավարման մարմնի անդամ․ «Էլի, առաջին հայացքից ի՞նչ խնդիր կա։ Ամբողջ խնդիրն այն է, որ Viva Armenia -ում Կառավարությունն ունի 20% մասնաբաժին։ Սա ձեզ մոտ որևէ հարց չի՞ առաջացնում, քաղաքական հովանավորչության խնդիր չե՞ք տեսնում»։
Անդրադարձավ նաև վերջին օրերին մեծ աղմուկ հանած նորությանը՝ Հայկ Կոնջորյանի կնոջը, որը նշանակվել է «Հայփոստ»-ում տնօրեն և բավականին բարձր աշխատավարձ է ստանում, Արարատ Միրզոյանի կնոջը, որը «Ներդրումների աջակցման կենտրոն» հիմնադրամի ղեկավարն է։
«Ես, իհարկե, բացարձակ խնդիր չունեմ ո՛չ Արարատ Միրզոյանի կնոջ հետ, ո՛չ Լևոն Ռուբինյանի և մնացածի հետ, կարող է՝ լավ էլ մարդիկ են, լավ էլ մասնագետներ են, բայց այդ ո՞նց է ստացվում, որ հենց պետությունը, կառավարությունը որոշակի մասնաբաժին է ձեռք բերում, այնտեղ գնում են ու բարձր աշխատավարձով պաշտոններ են զբաղեցնում»,-ասաց նա։


