04 Օգս
2026
38° c ԵՐԵՎԱՆ
31° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Կոյուղաջրերի հետևանքով առաջացող առողջական ռիսկերը․ մասնագետների մեկնաբանութունը

Կոյուղաջրերի հետևանքով առաջացող առողջական ռիսկերը․ մասնագետների մեկնաբանութունը

Նորագյուղ թաղամասը շատերը հոտով են ճանաչում։ Այստեղ կոյուղաջրերի խնդիրը ամիսների պատմություն ունի։ Բնակիչների խոսքով՝ պարբերաբար խցանվող կոյուղատար համակարգի պատճառով կեղտաջրերը դուրս են գալիս փողոց, լցվում բակեր, երբեմն հասնում անգամ տների նկուղներ։

Մասնագետների խոսքով՝ արտահոսած կոյուղաջրերը ոչ միայն աղտոտում են շրջակա միջավայրը, այլև առողջության համար լուրջ վտանգներ են ստեղծում։ Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնի բժիշկ-համաճարակաբան Քրիստինե Լալայանի խոսքով՝ կեղտաջրերը կարող են պարունակել հիվանդածին մանրէներ, վիրուսներ և մակաբույծներ, որոնք նպաստում են վարակիչ հիվանդությունների տարածմանը։

«Ամենամեծ վտանգ ներկայացնող ինֆեկցիաներն այն հիվանդություններն են, որոնք ունեն ֆեկալ-օրալ փոխանցման ճանապարհ։ Այսինքն՝ որպեսզի այդ հիվանդությունները զարգանան, անհրաժեշտ է, որ դրանց հարուցիչները բերանի միջոցով ներթափանցեն օրգանիզմ։ Դրանց մեծ մասը աղիքային վարակիչ հիվանդություններն են»,- նշել է բժիշկ-համաճարակաբանը։

Իսկ ո՞րն է խնդրի պատճառը։

Երևանի ավագանու «Ազգային առաջընթաց» խմբակցության ղեկավար Արամ Թորոսյանի գնահատմամբ՝ պատճառները մի քանիսն են՝ ինչպես թերի կառավարումը, այնպես էլ կոյուղատար ցանցի վատ տեխնիկական վիճակը։ Նրա խոսքով՝ բազմաթիվ հատվածներում խողովակներն այլևս չեն դիմանում ծանրաբեռնվածությանը, իսկ որոշ տեղերում մեծ տրամագծով կոյուղագիծը միացված է ավելի նեղ խողովակի, ինչի հետևանքով համակարգը պարբերաբար խցանվում և խափանվում է։

Թորոսյանի խոսքով՝ խնդիրը խորացնում է նաև պատասխանատվության հստակ բաշխման բացակայությունը։ Քաղաքացիները դիմում են տարբեր կառույցների, սակայն դրանցից ոչ մեկը չի ստանձնում հարցի վերջնական լուծման պատասխանատվությունը։

«Սա պետական կառավարման խնդիր է։ Պետք է մարդկանց հետ ճիշտ աշխատել, խոշոր կազմակերպության աշխատանքը ճիշտ կազմակերպել, պրոակտիվ լինել, նախապես մտածել, թե որտեղ ինչ խնդիրներ կարող են առաջանալ, հաշվարկ անել՝ արդյոք կան տեղեր, որտեղ կոյուղաջրի խնդիրն առաջանում է, օրինակ, ամիսը մեկ անգամ։ Եթե այդպես է, ապա պետք է պարբերաբար կանխարգելիչ մաքրումներ իրականացնել»,- նշել է Թորոսյանը։

Նրա կարծիքով՝ անհրաժեշտ է հստակեցնել պատասխանատու կառույցների լիազորությունները, վերանայել գործող մեխանիզմները և ուժեղացնել վերահսկողությունը, որպեսզի խնդիրը չսահմանափակվի միայն ժամանակավոր լուծումներով։

Թորոսյանի համոզմամբ՝ նման իրավիճակներում քաղաքացիները հաճախ միայնակ են մնում իրենց խնդրի հետ։ Այդ պատճառով անհրաժեշտ է ստեղծել արդյունավետ մեխանիզմ, որը հնարավորություն կտա բնակիչներին պաշտպանել իրենց իրավունքները, այդ թվում՝ իրավական ճանապարհով։

«Եթե քաղաքացիները բողոք ունեն, պետք է հայտարարել, որ, օրինակ՝ այսինչ գրասենյակում կամ այսինչ հեռախոսահամարով կարող են դիմել, և մենք կաջակցենք այդ ամբողջ գործընթացը տեխնիկական կամ իրավական առումով առաջ տանելու հարցում։ Եթե այդ խորհրդատվական և իրավական աջակցությունը տրամադրվի, կարծում եմ՝ շատ մարդիկ կհամաձայնվեն լինել դիմումատու։ Այնուհետև հասարակական կազմակերպությունը կամ այլ կառույցը կարող է այդ գործընթացը շարունակել որպես խմբային շահի պաշտպանություն՝ դատարան հասցնելով մի խումբ քաղաքացիների ներկայացրած բողոքը։ Այդ դեպքում պայքարը կարող է ավելի արդյունավետ լինել»,- ասել է Թորոսյանը։

Մասնագետները զգուշացնում են՝ կոյուղաջրերի վտանգն առավել մեծ է, երբ դրանք հայտնվում են մարդկանց անմիջական կենսամիջավայրում։

Վերջերս Բյուրեղավանում գրանցված աղիքային վարակների դեպքերից հետո որպես հնարավոր վարկած քննարկվում էր նաև կոյուղաջրերի՝ խմելու ջրին խառնվելու տարբերակը։ Թեև վերջնական պատճառները դեռ ուսումնասիրվում են, բժիշկ Լալայանի խոսքով՝ աղտոտված ջուրը կարող է նպաստել տարբեր վարակիչ հիվանդությունների, այդ թվում՝ հեպատիտ A-ի և E-ի տարածմանը։

«Այս դեպքում վնասվում է աղեստամոքսային համակարգը։ Երբ հարուցիչները ներթափանցում են օրգանիզմ, միջինը մի քանի ժամից մինչև 48 ժամ հետո կարող են ի հայտ գալ առաջին ախտանշանները՝ թուլություն, ինքնազգացողության վատացում, գլխացավ, ջերմության բարձրացում, սրտխառնոց, փսխում, փորլուծություն, որովայնի կծկանքանման ցավեր։ Սրանք աղիքային վարակիչ հիվանդությունների հիմնական ախտանշաններն են։ Հիվանդությունը կարող է ունենալ թե՛ թեթև, թե՛ ծանր ընթացք, ուստի անհրաժեշտ է ուշադիր լինել և ժամանակին դիմել բժշկի։ Հեպատիտ A-ի և E-ի դեպքում նույնպես հնարավոր է փոխանցում, սակայն դրանց ախտանշանները կարող են ավելի ուշ ի հայտ գալ, քան աղիքային վարակիչ հիվանդությունների դեպքում»,- նշել է համաճարակաբանը։

Բժիշկ-համաճարակաբանի խոսքով՝ առավել խոցելի են երեխաները, տարեցները և քրոնիկական հիվանդություններ ունեցող մարդիկ։

Համաճարակաբանը խորհուրդ է տալիս նման իրավիճակներում խուսափել կեղտաջրերի հետ անմիջական շփումից, չօգտագործել կասկածելի որակի ջուր խմելու կամ սննդի պատրաստման համար, իսկ եթե ջրի անվտանգության վերաբերյալ կասկած կա, այն առնվազն մեկ րոպե եռացնել և միայն հետո օգտագործել։ Անհրաժեշտ է նաև խստորեն պահպանել անձնական հիգիենան, իսկ առողջական որևէ գանգատի դեպքում՝ անհապաղ դիմել բժշկի։

Ընտրություն 2026   Ընտրություն 2026