
Արգամ Աբրահամյանը 2 ամսով կալանավորվեց
Արգամ Աբրահամյանը 2 ամսով կալանավորվել է։ Այս մասին ABC Media-ին հայտնում են Քննչական կոմիտեից։
Հիշեցնենք` նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի որդին՝ Արգամ Աբրահամյանը, որը Բարգավաճ Հայաստանի առաջնորդ Գագիկ Ծառուկյանի փեսան է, ձերբակալվել է օգոստոսի 8-ին։ Քննչական կոմիտեն նրան մեղադրում է պատվերով սպանության դրդելու համար։
Կոմիտեն հայտնում է, որ խոսքը 2023 թվականի ապրիլի 30-ին Մյասնիկյան պողոտայում տեղի ունեցած սպանության մասին է։
Ըստ իրավապահների՝ Արգամ Աբրահամյանը սպանությունը անձամբ չի կատարել, այլ իր անվտանգության աշխատակցին է հանձնարարել՝ հրազենով սպանել Ս․Վ․-ին։
Քննչական կոմիտեն ընտանեկան և անձնական կյանքին վերաբերող տվյալներ է հրապարակել Աբրահամյանի մասին, ինչին հաջորդել է ՄԻՊ-ի կոշտ արձագանքը։ Պաշտպանը անընդունելի է համարել նման տեղեկությունների հրապարակումը։
ՄԻՊ-ը նաև ընդգծել է, որ քրեական հետապնդումն ու ձերբակալությունը չեն վերացնում անձի մասնավոր կյանքի պաշտպանության իրավունքը․
«Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ – Պետական մարմինների հանրային հաղորդակցությունը պետք է խստորեն համապատասխանի անմեղության կանխավարկածի սկզբունքին։ Անձի նկատմամբ քրեական վարույթի իրականացումը կամ ձերբակալությունը չի կարող ներկայացվել կամ լուսաբանվել այնպիսի ձևաչափով, որը կարող է հանրության շրջանում ձևավորել նրա մեղավորության վերաբերյալ կանխակալ վերաբերմունք՝ նախքան մեղավորությունը հաստատող օրինական ուժի մեջ մտած դատական ակտի առկայությունը»։


