10 Օգս
2026
33° c ԵՐԵՎԱՆ
30° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
ԵՄ-ն այլընտրանք չէ, բա ինչո՞ւ էինք այդ օրենքն ընդունում․ Աննա Գրիգորյանը՝ Փաշինյանին

ԵՄ-ն այլընտրանք չէ, բա ինչո՞ւ էինք այդ օրենքն ընդունում․ Աննա Գրիգորյանը՝ Փաշինյանին

ԵՄ-ին և ԵԱՏՄ-ին Հայաստանի հնարավոր անդամակցության շուրջ քննարկումներում հակասություն է տեսնում «Հայաստան» խմբակցության ղեկավար Աննա Գրիգորյանը։ Նրա խոսքով՝ հայ ժողովուրդը հայտնվել է արտաքին դերակատարների կողմից պարտադրվող երկու հանրաքվեների արանքում։

«Մի դեպքում Ալիևի պարտադրանքով սահմանադրության փոփոխության հարցն է, մյուս դեպքում՝ Ռուսաստանի Դաշնության նախագահի կողմից առաջադրվող կամ պարտադրվող ԵԱՏՄ-ԵՄ այս հանրաքվեի պարտադրանքը»,- ասել է Գրիգորյանը։ Նա անդրադարձել է նաև Նիկոլ Փաշինյանի՝ ԵԱՏՄ նիստում հնչեցրած հայտարարություններին։ Պատգամավորի խոսքով՝ վարչապետը ճիշտ է նշել, որ ԵԱՏՄ-ին և ԵՄ-ին միաժամանակյա անդամակցությունն անհնար է, սակայն այդ դեպքում հարց է առաջանում՝ ինչու էր ընդունվել ԵՄ-ին անդամակցության գործընթացի մեկնարկի մասին օրենքը։

«Մենք հասկանում ենք, որ Եվրասիական տնտեսական միությանը և Եվրոպական միությանը միաժամանակյա անդամակցությունն անհնար է։ Չես կարող չհամաձայնել այս ամենի հետ։ Առանց թվարկված փուլերից առնվազն մեծ մասն անցնելու՝ այդ հարցերով հանրաքվեի անցկացումը կլինի բովանդակազուրկ և կնշանակի, որ մենք մեր քաղաքացիներից ակնկալում ենք պատասխան մի հարցի, որն այս պահին պարզապես գոյություն չունի»,- ասել է նա։ Գրիգորյանի խոսքով՝ եթե ԵՄ անդամակցությունն այս պահին իրական այլընտրանք չէ, անհասկանալի է, թե ինչու է իշխանությունը նախաձեռնել այդ գործընթացը։ «Դա կնշանակի, որ մենք ակնկալում ենք, որ Հայաստանի քաղաքացիները ընտրություն կատարեն երկու այլընտրանքների միջև, որոնցից մեկը գոյություն չունի։ Եվ այդ գոյություն չունեցող այլընտրանքը, իհարկե, ԵՄ անդամակցությունն է։ Բայց հարց է առաջանում՝ այդ դեպքում ի՞նչ իմաստ ուներ դեկլարատիվ այն օրենքը, որով հայտարարվում է, որ մենք սկսում ենք ԵՄ անդամակցության գործընթացը»,- հայտարարել է «Հայաստան» խմբակցության ղեկավարը։

Գրիգորյանը նաև հարց է ուղղել իշխանությանը՝ եվրոպական ուղղության շուրջ տարվող քաղաքականության վերաբերյալ՝ նշելով, որ մի կողմից խոսվում է ԵՄ անդամակցության հեռանկարի բացակայության մասին, մյուս կողմից՝ իշխանության ներկայացուցիչները շարունակում են այդ թեման առաջ մղել։

Ընտրություն 2026   Ընտրություն 2026