
Հայաստանի ներկայիս ձգտումներն իրական սպառնալիք են նրա պետականության համար․ ՌԴ պաշտոնյաների հայտարարությունները
Ռուսաստանի և ԵԱՏՄ-ի հետ Հայաստանի առևտրի ծավալի կրճատումը չի հանգեցնի կրիտիկական խափանումների, քանի որ առևտրաշրջանառության մեջ Երևանի մասնաբաժինն այդքան էլ շատ չէ. РИА Новости-ի հետ զրույցում նշել է Ռուսաստանի ԱԳՆ ԱՊՀ երկրների առաջին դեպարտամենտի տնօրեն Միքայել Աղասանդյանը։
«Սա որևէ կրիտիկական խափանումների չի հանգեցնի, քանի որ Ռուսաստանի արտաքին առևտրում Հայաստանի մասնաբաժինն այդքան էլ մեծ չէ, իսկ Բելառուսի, Ղազախստանի և Ղրղզստանի հետ Երևանի առևտրաշրջանառությունն աննշան է», – նշել է Աղասանդյանը։
Նա ընդգծել է, որ որոշակի ապրանքների համար սահմանված արգելքները նպատակ ունեն ապահովելու անվտանգ ապրանքների ներմուծումը Ռուսաստան՝ համաձայն Միության սահմանած սանիտարական և բուսասանիտարական պահանջների։
«Միության անդամ պետությունների սահմանային անցակետերում պետական վերահսկող մարմինների նման վերահսկողությունը նախատեսված է ԵԱՏՄ-ի մասին պայմանագրով», – բացատրել է Աղասանդյանը։
Սենատոր Վլադիմիր Ջաբարովը կարծում է, որ Երևանի մտադրությունը՝ սկսել ԵՄ անդամակցության դիմումի գործընթացը, առնվազն կհանգեցնի հանրապետությունում տնտեսական ճգնաժամի և, ի վերջո, պետականության կորստի:
Ջաբարովը նշել է, որ յուրաքանչյուր ոք, ով կարծում է, որ Եվրամիությունը կսկսի կերակրել Հայաստանին, խորապես սխալվում է:
Ջաբարովի խոսքով՝ Բրյուսելին Երևանը պետք է միայն Ռուսաստանին հակազդելու համար։ Հայաստանի համար այս ամենը նաև հղի է ԵԱՏՄ-ի հետ տնտեսական և առևտրային կապերից հրաժարմամբ։ Սա նշանակում է շուկաների կորուստ, ներդրումների դադարեցում և սննդամթերքի ու էներգակիրների գների աճ։ Եվ ԵՄ-ից ոչ մի «դիվերսիֆիկացիա» չի կարող փոխարինել դրան։
«Ավելի ցավոտ խնդիր է Երևանի հնարավոր դուրս գալը ՀԱՊԿ-ից և անվտանգության հարցում Հայաստանից շատ հեռու գտնվող Ֆրանսիայից կախվածությունը»,- ասել է Ջաբարովը։
Պատգամավորը շեշտել է, որ Հայաստանի ներկայիս ձգտումները հակասում են հայկական պատմությանն ու աշխարհագրությանը։ Ավելին, դրանք «իրական սպառնալիք են երկրի պետականության համար»։


