
Ռոբերտ Քոչարյանի ձերբակալությունն արևմտյան մամուլի էջերում․ ամփոփում
Հայաստանի իշխանությունները ձերբակալել են նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանին՝ նրա պաշտոնավարման ընթացքում շուկայականից ցածր գներով պետական գույքի ձեռքբերման ենթադրյալ գործի քննության շրջանակում. գրում է Bloomberg-ը։
Քոչարյանին մեղադրանք է առաջադրվել պաշտոնեական լիազորությունների չարաշահման, փողերի լվացման և կաշառք վերցնելու համար, իսկ նրա փաստաբանը նշել է, որ մեղադրանքները վերաբերում են կառավարության որոշումների հաստատմանը նրա նախագահության տարիներին։
The Associated Press-ը գրում է, որ խուզարկությունները տեղի են ունեցել Նիկոլ Փաշինյանի և Ռոբերտ Քոչարյանի պատգամավոր որդու՝ Լևոնի միջև խորհրդարանում տեղի ունեցած բուռն վեճից 24 ժամ անց։
Քոչարյանի «Հայաստան» դաշինքը գրառման մեջ նշել է, որ գործն անձնական վրեժխնդրության դեպք է և «իր լեգիտիմությունը կորցրած ռեժիմի ևս մի ցինիկ դրսևորում»։
Երևանում գտնվող Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը գործակալության հետ զրույցում նշել է, որ քննադատները վաղուց մեղադրում են Ռոբերտ Քոչարյանին իշխանության տարիներին կոռուպցիայի համար։ Նրա կարծիքով՝ գործը կսրի ռուսամետ ընդդիմության, որտեղ Քոչարյանը հիմնական դեմքն է, և Փաշինյանի կառավարության միջև հակամարտությունը, որը հետապնդում է արևմտամետ ուղի։
The Associated Press-ի հրապարակումը տարածել է նաև The Washington Post-ը։
The Washington Times-ն էլ գրել է, որ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Բագրատ Միկոյանը ձերբակալությունները որակել է որպես իշխանությունների կողմից «նախագահ Ռոբերտ Քոչարյանի և նրա ընտանիքի դեմ ևս մի հարձակում»։ Նա հավելել է, որ Քոչարյանը ձերբակալությունից հետո իրեն վատ է զգացել և տեղափոխվել է հիվանդանոց։


