
Երբեմնի նացիստական համակենտրոնացման ճամբարի տարածքում բիզնես համալիր կկառուցվի
Ավստրիայի Լեոբերսդորֆ քաղաքի մերձակայքում հարկադիր աշխատանքի համար նախատեսված երբեմնի նացիստական ընդարձակ համալիրից այսօր մնացել են միայն խոտածածկ տարածքում ցրված մի քանի փլուզվող բետոնե կառույցներ։
Այժմ այդ տարածքում բիզնես պարկ կառուցելու ծրագրերը վրդովմունք են առաջացրել ալպյան այս երկրում, որը երկար ժամանակ խուսափում էր անդրադառնալ իր նացիստական անցյալին․ գրում է Euronews-ը։
«Սա ինձ համար ցավալի է, քանի որ պատմական ծանր ժառանգություն ունեցող տարածքը կառուցապատվում է՝ զոհ գնալով տնտեսական շահերին»,- AFP-ին ասել է տարածքը պահպանելու համար տեղական նախաձեռնության ղեկավար Էրիխ Շտրոբլը։
1938 թվականին նացիստական Գերմանիայի կողմից Ավստրիայի բռնակցումից հետո Վայնբերգլագերի համալիրն օգտագործվել է հազարավոր ռազմագերիների և հարկադիր աշխատանք կատարող մարդկանց պահելու համար։
Հետագայում համալիրը ներառել է նաև Մաուտհաուզենի համակենտրոնացման ճամբարի Հիրտենբերգի ենթաճամբարը, որը նախատեսված էր բացառապես կանանց համար։
1944 թվականի սեպտեմբերից մինչև 1945 թվականի ապրիլը Հիրտենբերգի ենթաճամբարում պահվում էր շուրջ 400 կին՝ հիմնականում Խորհրդային միությունից, ինչպես նաև Իտալիայից և Լեհաստանից։ Նրանք հարկադրաբար աշխատում էին մոտակա գործարանային համալիրում՝ արտադրելով հետևակի համար նախատեսված զինամթերք։


