«Խաղաղություն» բառով թմրեցնում են հասարակությանը` զգոն պահելու փոխարեն. Գեղամ Մանուկյան
Բանակցային գործընթացում իշխանության ամբողջ քաղաքականությունը եղել է հասարակությանը թմրեցնելը. խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ նման տեսակետ է հայտ եմ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը։
Նրա խոսքով՝ այսօր թմրանյութի պես «խաղաղություն» բառով կերակրելով՝ հասարակությանը չեն պատրաստում, զգոն չեն պահում։
«Ամեն օր հետևողական մեկ բառ են ասում՝ խաղաղություն, դրա համար անվտանգային ոչ մի բարձիկ չստեղծելով։ Ուղղակի իմիտացիա են ստեղծում, բայց անզեն աչքով նկատելի է, որ այն, ինչ հիմա քննարկվում է, դրա վերաբերյալ հայկական կողմը չունի հստակ դիրքորոշումներ։ Իսկ այդ փաստաթուղթը, որ պետք է ստորագրվի, ամբողջությամբ ադրբեջանական օրակարգ է և խաղաղության չի բերում Հայաստանին»,-ասել է ընդդիմադիր պատգամավորը։
Անդրադառնալով խաղաղության օրակարգը փակուղի մտցնելու մասին հարցին` Գեղամ Մանուկյանն արձագանքեց, որ իշխանության տարբեր շրջանակներ այս հարցի վերաբերյալ հակասական կարծիքներ են շրջանառում։
««Արմեն Գրիգորյաններով» ու «Փաշինյաններով» ուրիշ բան են ասում, Ալիևը՝ 180 աստիճանով ուրիշ»,- ընդգծել է Մանուկյանը։