
Ո՞վ է բանակցելու Պուտինի հետ․ եվրոպացի առաջնորդների տունը կռիվ է ընկել
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հնարավոր բանակցությունը եվրոպացի առաջնորդների տունը կռիվ են գցել․ գրում է The Guardian-ը։
«Ընդհանուր առմամբ կա համաձայնություն, որ մեզ անհրաժեշտ է երկխոսել Մոսկվայի հետ, սակայն դա անելու փորձերն անգամ քաոսի են նման»,- պարբերականին հայտնել է եվրոպացի բարձրաստիճան դիվանագետը:
Նրա խոսքով՝ տարաձայնությունները ծագում են այն պատճառով, որ չափազանց շատ քաղաքական գործիչներ կարծում են, թե հե՛նց իրենք պետք է լինեն բանակցողը։
Ըստ պարբերականի՝ Պուտինի հետ բանակցային սեղանի շուրջ նստելու խոսակցություններից հետո արևմտյան երկրներում էլ ավելի են ընդգծվել տարաձայնությունները։ Ֆրանսիան, օրինակ, վաղուց է կողմ Ռուսաստանի ղեկավարի հետ ուղիղ բանակցելուն, մինչդեռ Գերմանիան և Մեծ Բրիտանիան ավելի զգուշավոր են, իսկ Բալթյան երկրներն ու ԵՄ արտաքին քաղաքականության պատասխանատու Կայա Կալասը զգուշանում են նման շփումների հնարավոր հետևանքներից։
Berliner Zeitung պարբերականն էլ գրել է, որ Եվրոպայի ներկայացուցիչ-բանակցողի դերում ամենահավանական թեկնածուն Ֆինլանդիայի նախագահ Ալեքսանդր Ստուբն է:
Telegraph թերթն առանձնացրել է հինգ թեկնածուի անուն․ Ստուբից բացի, նշվում են Իտալիայի վարչապետ Ջորջա Մելոնիի, Չեխիայի նախագահ Պետր Պավելի, Դանիայի վարչապետ Մետտե Ֆրեդերիկսենի և Նորվեգիայի վարչապետ Յոնաս Գար Ստյորեի անունները։
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ցանկալի բանակցող էր անվանել Գերմանիայի նախկին կանցլեր Գերհարդ Շրյոդերին։ Միևնույն ժամանակ նա ընդգծել էր, որ եվրոպացիները պետք է ինքնուրույն ընտրեն այնպիսի առաջնորդի, ում վստահում են և ով կտրուկ հայտարարություններ չի արել Մոսկվայի հասցեին:


