04 Սեպ
2026
31° c ԵՐԵՎԱՆ
26° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
«Դավիթբեկյան խաղեր 2026»-ն ավարտվեց․ 24 թիմ, ընդլայնված աշխարհագրություն և նոր հաղթող

«Դավիթբեկյան խաղեր 2026»-ն ավարտվեց․ 24 թիմ, ընդլայնված աշխարհագրություն և նոր հաղթող

Սյունիքի Կապան համայնքի Վանեք բնակավայրում ավարտվել է «Դավիթբեկյան խաղեր 2026» ուսումնամարզական մրցույթ-փառատոնը։

Մեկ ամիս տևած մրցապայքարի արդյունքում հաղթողի կոչումը նվաճել է Հարժիսի համայնքային թիմը։ Երկրորդ տեղը զբաղեցրել է ՈՄԱ Կապանի թիմը, իսկ լավագույն եռյակը եզրափակել է Ռուսաստանից ժամանած «Գամփռ 01.01» ջոկատը։

Այս տարի «Դավիթբեկյան խաղերն» անցկացվել են 5-րդ անգամ։ Մրցույթին մասնակցել է Հայաստանի տարբեր մարզերից և Սփյուռքից ժամանած 14-17 տարեկան պատանիներից կազմված 24 թիմ։

Հինգ տարվա ընթացքում նախաձեռնությունը զգալիորեն ընդլայնել է իր մասշտաբները։ Առաջին խաղերի 8 թիմի փոխարեն՝ այս տարի մասնակիցների թիվը հասել է 24-ի։ Ընդլայնվել է նաև աշխարհագրությունը՝ ներառելով Հայաստանի գրեթե բոլոր մարզերն ու Սփյուռքը։

«Դավիթբեկյան խաղերի» գործադիր մարմնի ղեկավար Էդուարդ Աթանեսյանի խոսքով՝ մասնակիցների թվի աճից առավել կարևոր է ձևավորվող համայնքը։

«Հինգ տարվա ընթացքում 8 թիմից հասել ենք 24-ի, բայց մեզ համար ամենակարևորը միայն թիվը չէ։ Այսօր արդեն տեսնում ենք մի միջավայր, որտեղ Հայաստանի տարբեր բնակավայրերից և Սփյուռքից եկած պատանիները ճանաչում են միմյանց, սովորում են գործել որպես թիմ, հաղթել ու պարտվել արժանապատվորեն։ Մեր նպատակը հենց այդ կապերի ստեղծումն ու ամրապնդումն է»,- նշել է Աթանեսյանը։

Ծրագրերի ղեկավար Ալինա Գևորգյանի խոսքով՝ այս տարվա մրցապայքարը հատկապես լարված է եղել, քանի որ մասնակից թիմերի պատրաստվածության մակարդակը զգալիորեն բարձրացել է։

Նրա խոսքով՝ նախաձեռնության կարևոր ձեռքբերումներից է նաև այն, որ նախորդ տարիներին մասնակցած թիմերը վերադառնում են արդեն նոր կազմերով։ Սա, ըստ կազմակերպիչների, վկայում է, որ «Դավիթբեկյան խաղերը» մեկանգամյա միջոցառում չէ, և դրա շուրջ ձևավորվում է տարեցտարի ընդլայնվող համայնք։

Այս տարի մեծացել է նաև Սփյուռքի մասնակցությունը։ Խաղերին միացել է Սփյուռքից երկու թիմ, որոնցից մեկը զբաղեցրել է մրցանակային տեղ։

«Հինգ տարի առաջ մենք նոր էինք փորձում ստեղծել այս հարթակը, իսկ այսօր այստեղ արդեն հանդիպում են Հայաստանի մարզերի և Սփյուռքի պատանիները։ Ուզում ենք, որ հաջորդ տարիներին այս աշխարհագրությունն ավելի ընդլայնվի, որովհետև «Դավիթբեկյան խաղերի» գաղափարը սահմաններ չունի․ այն հայ պատանիներին իրար կապելու մասին է»,- ընդգծել է Գևորգյանը։

Նախաձեռնության հիմքում թիմային մշակույթը, առողջ ապրելակերպը, ֆիզիկական ու մտավոր պատրաստվածությունը, ազգային ինքնության պահպանումն ու պատասխանատվության ձևավորումն են։

Կազմակերպիչների գնահատմամբ՝ տեխնոլոգիաների և արհեստական բանականության արագ զարգացման պայմաններում երիտասարդների համար հատկապես կարևոր են դառնում իրական շփման, համագործակցության և թիմային աշխատանքի միջոցով ձևավորվող հմտությունները։

Այս տարվա խաղերի շրջանակում անցկացվել է 15 մրցույթ՝ շախմատից մինչև Խուստուփի գագաթի հաղթահարում։ Մասնակիցները մրցել են սպորտային, ռազմամարզական և մշակութային տարբեր ուղղություններով։

Կազմակերպիչների խոսքով՝ «Դավիթբեկյան խաղերի» հիմքում հաղթանակի գաղափարն է՝ կրթության, գիտության, տնտեսության, սպորտի և մյուս ոլորտներում։

Մրցույթ-փառատոնի ընթացքում առանձնահատուկ ուշադրություն է դարձվել մասնակիցների անվտանգությանը և կենցաղային պայմաններին։ Տարածքում շուրջօրյա հերթապահել են բժիշկներ և բուժքույրեր, իսկ մասնակիցների սնունդը, կեցությունն ու մրցումների անցկացման համար անհրաժեշտ պայմաններն ապահովել են կազմակերպիչները։

Խաղերի փակման արարողությամբ ամփոփվել են մրցումները և պարգևատրվել լավագույն թիմերը։

«Պարգևատրում ենք երեք լավագույն թիմերին, բայց «Դավիթբեկյան խաղերից» յուրաքանչյուր մասնակից ինչ-որ բան տանում է իր հետ՝ նոր ընկերություն, փորձ, սեփական ուժերի մասին նոր պատկերացում և թիմի մաս լինելու զգացողություն։ Հենց դա է մեզ համար այս խաղերի ամենամեծ արդյունքը»,- եզրափակել է Ալինա Գևորգյանը։

Ռազմագերիներ   Ռազմագերիներ