
Նյու Յորքի քաղաքապետին ցանկանում են թույլ չտալ մասնակցել 9/11-ի զոհերի հիշատակի արարողությանը՝ «տուժածների արժեքները» չկիսելու համար
ԱՄՆ-ում 2001 թվականի սեպտեմբերի 11-ի ահաբեկչական հարձակումների 25-րդ տարելիցի արարողությանը Նյու Յորքի քաղաքապետ Զորան Մամդանիի մասնակցությունը թույլ չտալու կոչով խնդրագիրը հավաքել է ավելի քան 105․000 ստորագրություն։ Այս մասին են վկայում change.org կայքի թվերը։
Դրա հեղինակ Ջովանի Գալանտեն հարձակման ժամանակ զոհված Գրեյս Քրիստին Գալանտեի ամուսինն է։ Նրա խոսքով՝ Մամդանին չպետք է մասնակցի արարողությանը, քանի որ չի կիսում տուժածների արժեքները։
«Սեպտեմբերի 11-ի զոհերի ընտանիքների համար սա պարզապես հանրային արարողություն չէ։ Սա խորապես անձնական սգո օր է։ Այն մարդկանց ներկայությունը, որոնց խոսքերը կամ կապերն ընկալվում են որպես միջոցառման սրբազան նպատակին հակասող, սպառնում է խաթարել այդ ոգին և ցավ պատճառել», – նշվում է խնդրագրում։
Մասնավորապես, Գալանտեն նշում է, որ Մամդանին իր գլխավոր խորհրդական է նշանակել Ռամզի Քասեմին, որը դատարանում ներկայացնում էր Ահմեդ ալ-Դարբիի շահերը։ Վերջինս դատապարտվել էր «Ալ-Ղաիդայի» հետ կապի և լցանավի պայթեցման պլանավորմանը մասնակցելու համար։ Ավելին, Մամդանին աջակցել է Բրուքլինի իմամին, որը կապված էր արմատական իսլամի հետ և նշված էր սեպտեմբերի 11-ի ահաբեկչական հարձակմանը ներգրավված անձանց թվում, թեպետ նրան երբեք մեղադրանք չի առաջադրվել։
Ինքը՝ Մամդանին, արդեն խոստացել է մասնակցել արարողությանը: Ավանդաբար, ելույթներ չեն թույլատրվում: Զոհերի հարազատները պարզապես կարդում են մահացածների անունները:


