
Վտանգավոր ջուր, մաշված խողովակաշարեր. Պիպոյանը՝ «Վեոլիա ջրի» հովանավորչության և համակարգային ձախողման մասին
Հայաստանում խմելու ջրի որակի հետ կապված խնդիրներ կան, սակայն դրանց պատասխանատուին գտնելը հաճախ վերածվում է կառույցների միջև պատասխանատվության փոխանցման։ «Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանի գնահատմամբ՝ խնդիրը մեկ կառույցի կամ մեկ ընկերության մեջ չէ․ ջրամատակարարման, ջրօգտագործման և ջրային ռեսուրսների կառավարման գրեթե բոլոր օղակներում առկա են թերացումներ։
Պիպոյանի խոսքով՝ ջրի ոլորտում պատասխանատվությունը պետք է դիտարկել որպես մեկ ամբողջական համակարգ, այլ ոչ թե փորձել առանձնացնել մեկ «մեղավորի»։
«Մենք չունենք այս պահին ջրամատակարարման ոլորտում, ջրօգտագործման ոլորտում, ռեսուրսների հավաքագրման ոլորտում մի ուղղություն, որտեղ պրոբլեմ չունենանք, և մի տեղ, որտեղ թերացում չունենանք»,- ABC Media-ի հետ զրույցում ասաց Բաբկեն Պիպոյանը։
Նրա գնահատմամբ՝ խնդիրը հենց այն է, որ պետական կառավարման համակարգը փորձում է պարզել, թե կոնկրետ ո՛ր օղակն է պատասխանատու՝ փոխարենը ամբողջական գնահատական տալու ոլորտի վիճակին։
Խոսելով ջրի որակի մասին՝ Պիպոյանը նշեց, որ Հայաստանում կան բնակավայրեր, որտեղ ջրի որակը չի բավարարում սպառողների պահանջներին։ Որպես դրա անուղղակի ապացույց՝ նա մատնանշեց ամռան ամիսներին շշալցված ջրի վաճառքի աճը։
«Այստեղ պետք է տարանջատենք պաշտոնական վիճակագրությունը և փաստացի առկա իրավիճակը։ Մենք գիտենք, որ համեմատության մեջ Երևանը համարվում է լավագույն ջրերից մեկը, ոչ թե վատագույնը, մենք ավելի վատ ջրեր էլ ունենք հանրապետության տարբեր հատվածներում»,- ասաց նա։
Պիպոյանի խոսքով՝ հատկապես այն բնակավայրերում, որտեղ ամռանը ջրամատակարարման հետ կապված խնդիրներ են առաջանում, շշալցված ջրի պահանջարկի աճը տեսանելի է։ Միաժամանակ, նրա խոսքով, ջրի որակի և անվտանգության վերահսկողության համակարգում կա շահերի բախման լուրջ խնդիր։
«Մենք տեսնում ենք, որ «Վեոլիա ջուր»-ն այսօր գործունեություն է ծավալում Հայաստանի Հանրապետությունում՝ ունենալով խստագույն հովանավորություն»,- ասաց նա։
Պիպոյանի պնդմամբ՝ այդ հովանավորությունը, իր գնահատմամբ, գալիս է նաև կառավարությունից և Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովից։ Նա կարծում է, որ ընկերության նկատմամբ վերաբերմունքի փոփոխությունը կարող է պայմանավորված լինել քաղաքական որոշումներով։
Ջրի խնդիրը, սակայն, չի ավարտվում միայն ջրամատակարարմամբ։ Այն անմիջականորեն կապվում է նաև հանրային առողջության հետ։ ՀԿ ղեկավարի խոսքով՝ այստեղ ևս պետական քաղաքականության առանցքում պետք է լինի ոչ թե հիվանդի բուժումը, այլ հիվանդությունների կանխարգելումը։
«Մենք պետք է հասկանանք՝ մեզ մոտ Առողջապահության նախարարությո՞ւն է, թե՞ հիվանդաբուժության նախարարություն։ Առողջապահության նախարարության վերջին գործը պետք է լինի հիվանդաբուժությունը, այն պետք է այնպես անի, որ մենք քիչ հիվանդ ունենանք»,- ասաց Պիպոյանը։
Նրա խոսքով՝ հիվանդության կանխարգելումը պետության համար զգալիորեն ավելի էժան է, քան արդեն առաջացած հիվանդության բուժումը։ Այդուհանդերձ, ըստ Պիպոյանի, Հայաստանում առողջապահական քաղաքականության մեջ կանխարգելիչ ուղղությունը բավարար ուշադրության չի արժանանում։ Պիպոյանն այս համատեքստում առանձնացրեց նաև ջրամատակարարման հնարավոր ընդհատումների խնդիրը։ Նրա խոսքով՝ մաշված խողովակաշարերի պայմաններում ջրամատակարարման երկարատև դադարները կարող են լրացուցիչ առողջապահական ռիսկեր առաջացնել։
«Կամայական իրեն հարգող Առողջապահության նախարարություն պետք է կառավարության դիմաց առաջին ցույց անողը լիներ, ասեր՝ գիտեք ինչ, մենք ունենք մաշված համակարգ, մենք ունենք մաշված խողովակաշար, և դրանով ջրի հոսքի ընդհատումը բերելու է նրան, որ այդ մաշված համակարգը գլուխ է բարձրացնելու, և առողջապահական լուրջ խնդիրներ ենք ունենալու»,- ասաց նա։
Պիպոյանի խոսքով՝ առողջապահության ոլորտում խնդիրը նաև այն է, որ բազմաթիվ դեպքերում պետությունը կարողանում է արձանագրել ռիսկը, սակայն չի հետևում դրա վերացմանը։ Առողջապահության նախարարության աշխատանքի արդյունավետությունը պետք է գնահատել ոչ միայն բուժված հիվանդների կամ իրականացված հետազոտությունների թվով, այլ նաև նրանով, թե որքանով են կանխվել հիվանդություններն ու առողջությանը սպառնացող ռիսկերը։


