
Հայաստանը երբեք, այդ թվում՝ 2018-ից հետո ռուսական ռազմաբազան հանելու հարց չի բարձրացրել. Նիկոլ Փաշինյան
2018-ից շփվում եմ ՌԴ նախագահի և Ռուսաստանի բարձրաստիճան այլ պաշտոնյաների հետ, ու երբեք, ոչ մի անգամ Հայաստանից ռուսական ռազմաբազան հանելու հարց չեմ բարձրացրել․ խորհրդարանում ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ասաց Նիկոլ Փաշինյանը։
Նա հավելեց, որ Հայաստանի որևէ իշխանություն Գյումրիի 102-րդ ռուսական ռազմաբազան հանելու հարց չի բարձրացրել կամ քննարկել։
«Երբ Բիշքեկից վերադարձա (նկատի ունի այս ամսվա՝ սեպտեմբերի սկզբին Ղրղզստան կատարած երկօրյա այցը-խմբ․), հաջորդ օրը տեսնում եմ՝ ՌԴ նախագահը հայտարարել է․ «Եթե Հայաստանն ուզում է, որ մենք դուրս բերենք ռազմաբազան, դուրս կբերենք»։ Դրանից հետո տեղի է ունենում բրիֆինգ, լրագրողներն այդ մասին ինձ հարցնում են, ես էլ պատասխանում եմ, որ Հայաստանը երբեք 102-րդ ռազմաբազան դուրս բերելու հարց չի բարձրացրել, բայց եթե ՌԴ-ն որոշի, որ դուրս է բերում, ապա ՀՀ-ն չի առարկի, որովհետև ռազմաբազայի ներկայությունը մեր երկրում չունի կենսական նշանակություն»,- ներկայացրեց Փաշինյանը։
Նա նաև նշեց, որ եթե ՌԴ-ն ցանկանում է պահպանել Գյումրիի ռազմաբազան, ապա պատրաստ են քննարկել այդ հարցը։
«Սա է եղել ամբողջ եղելությունը, ու ոչինչ ավելի կամ պակաս»,- ամփոփեց Փաշինյանը։

