
«Դիխլոֆոս»-ի միջադեպից հետո միրգ-բանջարեղեն չգնելը լուծում չէ․ ի՞նչ պետք է անի քաղաքացին՝ «լայֆհակ» Պիպոյանից
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը նմուշառված մրգերում միջատասպան նյութերի մնացորդներ է հայտնաբերել։ Սակայն կառույցը չի նշել, թե կոնկրետ որ մրգերում և ինչ քանակությամբ են դրանք հայտնաբերվել։
ABC Media-ի հետ զրույցում ՍԱՏՄ-ից հայտնել են, որ սոցցանցերում տարածված տեսանյութում օգտագործվող միջոցը կոչվում է «Դիխլոֆոս», սակայն դրա բաղադրության մեջ դիխլոֆոս նյութ չկա։ Նմուշներում հայտնաբերվել են ցիպերմետրին և պերմետրին միջատասպան նյութերի մնացորդներ։ Տեսչական մարմնի փոխանցմամբ՝ դրանց քանակը չի գերազանցել թույլատրելի սահմանները, սակայն կոնկրետ ցուցանիշներ չեն ներկայացվել։
«Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ-ի հիմնադիր նախագահ Բաբկեն Պիպոյանը մեզ հետ զրույցում քննադատեց վերահսկողական մարմնի՝ արդյունքների հրապարակման ձևը։ Նրա խոսքով՝ հաղորդագրությունից հնարավոր չէ հասկանալ՝ որ մթերքն է ստուգվել, ինչ նյութեր են հայտնաբերվել և ինչ քանակությամբ։
«Այդ ո՞ր մրգերն են, միջատասպան ի՞նչ նյութեր են հայտնաբերվել, ի՞նչ անել ՍԱՏՄ-ի այս հաղորդագրությունից հետո։ Գնացել են ուշ, նմուշառել են չգիտեմ՝ ինչ, ստուգել են չգիտեմ՝ ինչը, հայտնաբերել են չգիտենք՝ ինչ և ինչքան․․․Իրենց հայտարարությունն ունեցել է մի նպատակ՝ հարգելի հայրենակիցներ, մի՛ ասեք, որ մենք չենք աշխատում»,- ասաց Պիպոյանը։
Նրա խոսքով՝ ՍԱՏՄ-ի մոնիթորինգի տվյալները ցույց են տալիս, որ իրավիճակը տարեցտարի վատանում է, սակայն դա չի հանգեցնում էական փոփոխությունների։
Իսկ ի՞նչ պետք է անի քաղաքացին։ Միրգ-բանջարեղենից հրաժարվելը լուծում չէ։ Սոցիալական ցանցերում մարդիկ քննարկում են մթերքն աղով, սոդայով կամ այլ միջոցներով լվանալու տարբերակներ։ Բաբկեն Պիպոյանը մի լայֆհակ է ասում․ առաջարկում է բազմազան դարձնել օրական սննդի զամբյուղը։
«Լոլիկը մի թունաքիմիկատով է մշակվում, սմբուկը՝ այլ թունաքիմիկատով։ Այստեղ հնարավոր է՝ տարբեր ազդող նյութերով թունաքիմիկատներ օգտագործած լինեն։ Երբ դու օգտագործում ես լոլիկը 100 գրամ, սմբուկը 100 գրամ և 100 գրամ էլ պայմանական արդեն վարունգը, նոսրացած ես ստանում, քո օրգանիզմի համար դոզան ռիսկ չպարունակող է դառնում։ Եթե օգտագործում ես միայն, օրինակ, 500 գրամ լոլիկ, արդեն ռիսկ է։ Բայց էլի ռիսկերից չենք կարող խոսել, որովհետև լիազոր մարմինը չի տվել այն տեղեկությունը, որ պետք է ուղղված լիներ սպառողին»,- ասաց Պիպոյանը։
Միրգ-բանջարեղեն չգնելու տարբերակը լուծում չէ։ Սակայն սպառողը չպետք է ստիպված լինի ինքնուրույն պարզել՝ իր գնած մթերքի վրա ինչ նյութ է օգտագործվել, և արդյոք այն վտանգավոր է։
Այս դեպքում ՍԱՏՄ-ն պնդում է, որ հայտնաբերված մնացորդների քանակը թույլատրելի սահմաններում է, բայց չի հրապարակում կոնկրետ մթերքների և նյութերի վերաբերյալ ամբողջական տվյալները։ Վերահսկողության արդյունքների հրապարակայնացումը ոչ միայն տվյալ խանութի, այլև սպառողների վստահության հարց է։
Անի Աբաղյան


