
Բաքուն ավելացնում է, Երևանը՝ կրճատում․ ինչ են ցույց տալիս Հայաստանի ու Ադրբեջանի ռազմական բյուջեները
44-օրյա պատերազմից ի վեր՝ այսինքն միայն վերջին 6 տարում, Ադրբեջանը ոչ միայն չի նվազեցրել ռազմական ծախսերը, այլև դրանք էականորեն ավելացրել է՝ ավելի քան 82 տոկոսով։
2020-ին Ադրբեջանի պաշտպանության և ազգային անվտանգության ոլորտին հատկացվել է մոտ 4.43 մլրդ մանաթ, 2021-ին ծախսը հասել է մոտ 4.89 մլրդ մանաթի, իսկ 2022-ին՝ մոտ 4.90 մլրդի։ 2023-ին ծախսն աճել է մինչև մոտ 5.85 մլրդ մանաթ, իսկ 2024-ին՝ մինչև 6.56 մլրդ։ 2025 թվականի բյուջեով այս ոլորտին նախատեսված էր հատկացնել 8.396 մլրդ մանաթ։ 2026-ի հաստատված պետական բյուջեում պաշտպանության և ազգային անվտանգության համար նախատեսվել է մոտ 8.718 մլրդ մանաթ։ Իսկ 2027 թվականի համար նախատեսվող գումարը մոտ 8.816 մլրդ մանաթ։ Այսինքն, 2027 թվականի համար նախատեսել են ընդհանուր բյուջեի մոտ 21 տոկոսը։ Պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանի խոսքով՝ սա բավական մեծ թիվ է, և մոտենում է ՀՆԱ-ի 6 տոկոսին, այն դեպքում, երբ Հայաստանում այս տարի այդ ցուցանիշը մոտ 4.5 տոկոս է։ իսկ Ի՞նչ է ձեռք բերում Բաքուն այդ բյուջեով։
«Հիմնականում նախատեսվում է հարձակողական նշանակության զինատեսակների ձեռքբերում, ռազմական գործակցության ընդլայնում մի քանի երկրների հետ, զինուժի տարբեր ստորաբաժանումների և հնարավորությունների ավելացում։ Բնականաբար, հիմա նրանց մոտ առաջանում են նաև տեղակայման վերաբերյալ խնդիրներ, որոնք նոր ծախսեր են առաջացնում։ Հաշվի առնելով, որ Արցախն արդեն օկուպացված է, այնտեղ անհրաժեշտ է ձևավորել նոր պաշտպանական բնագծեր, ինչը նույնպես լրացուցիչ ֆինանսավորում է պահանջում»,- ասել է Զաքարյանը։
Ռազմական փորձագետ Տիգրան Աբրահամյանը հիշեցնում է, Բաքուն հայտարարել է՝ ադրբեջանական բանակը ՆԱՏՕ-ի չափանիշներով վերակառուցելու, մասնավորապես՝ թուրքական մոդելով առաջ շարժվելու մասին։ Այս քաղաքականությունն էլ հենց այդ նպատակի համար է։
«Սա ենթադրում էր ոչ միայն համապատասխան սպառազինության ձեռքբերում, այլև կրթական, պատրաստության և կառավարման բազմաթիվ ծրագրերի իրականացում։ Կարելի է ասել, որ վերջին 5-6 տարիների ընթացքում ադրբեջանական բանակը ենթարկվել է բավական ամբողջական վերափոխման և համապատասխանեցվել թուրքական մոդելին ու ՆԱՏՕ-ի չափանիշներին։ Դրանով պայմանավորված՝ էականորեն մեծացել են նաև ֆինանսական հատկացումները, որոնք ուղղվել են այդ բարեփոխումների իրականացմանը»,- ասել է Աբրահամյանը։
Ադրբեջանի անվտանգային ոլորտի բյուջեի այս դինամիկան համադրում ենք Հայաստանի վերջին բյուջետային որոշման հետ։
2025 թվականին ՊՆ-ին հատկացված բյուջեն կազմել է 660,9 մլրդ դրամ, մինչդեռ 2026-ին ռազմական ոլորտին հատկացվել է 563.1 մլրդ դրամ, այսինքն նախորդ տարվա համեմատ 100 մլրդ դրամով պակաս։ Պաշտոնական Երևանի տրամաբանությունը հետևյալն է, եթե տարածաշրջանում ձևավորվում է կայուն խաղաղություն, ռազմական ծախսերի շարունակական բարձրացումը կարող է այլևս չլինել առաջնահերթություն։ Մինչդեռ Տիգրան Աբրահամյանը համաձայն չէ այս պնդման հետ։
«Այս թեման որևէ կերպ չի կարող անկարևոր լինել, որովհետև 44-օրյա պատերազմից հետո Հայաստանի զինված ուժերում բազմաթիվ խնդիրներ կան, իսկ դրանց լուծումը ենթադրում է որոշակի ֆինանսական ներդրումներ։ Անկախ նրանից, թե դու ինչ ուղերձ ես հղում Ադրբեջանին, Ադրբեջանն ունի իր պլանավորումը։ Առնվազն մինչև այս պահը նա շարժվել է այդ ուղղությամբ և իր համար խնդիրները լուծելու նպատակով պատերազմի, ճնշման, շանտաժի կամ ուժի կիրառման գործոնը պահել է որպես հնարավոր գործիք»,- համոզված է ռազմական փորձագետը։
Սակայն այդ նույն խաղաղության գործընթացի միջով անցնում է նաև Բաքուն։ Այդ դեպքում ո՞րն է բարձր ռազմական ֆինանսավորման քաղաքական տրամաբանությունը և ու՞մ դեմ է այն ուղղված։ Ադրբեջանագետ Տաթև Հայրապետյանի պնդում է, որ Ադրբեջանը բազմիցս ցույց է տվել՝ իր իրական նպատակը տարածաշրջանում խաղաղության կառուցումը չէ։ Ադրբեջանի ղեկավար Իլհամ Ալիևը բազմաթիվ հայտարարություններ ունի այն մասին, որ իրենք շարունակելու են զինվել, պատրաստվել և ակտիվ զորավարժություններ իրականացնել։ Այս ամենը նորություն չէ։
«Ցավոք, կարծում եմ՝ այդ քաղաքականությունն առաջնահերթ ուղղված է Հայաստանի դեմ, բայց ոչ միայն Հայաստանի։ Ադրբեջանում տարբեր առիթներով խոսել են նաև այն մասին, որ տարածաշրջանում և ընդհանրապես աշխարհում վիճակն այնպիսին է, որ իրենց ստիպում է զինված և պատրաստված լինել։ Եվ, եթե նայենք ընդհանուր համաշխարհային միտումներին, այդ տրամադրությունն իսկապես առկա է։ Բայց եթե Ադրբեջանի այս քայլերը համադրենք Հայաստանի Հանրապետության դեմ նրա կողմից պահվող, այսպես ասած, զավթողական ծրագրերի հետ, ապա, կարծում եմ, պատկերը շատ ավելի ամբողջական է դառնում։ Միևնույն ժամանակ, կարծում եմ, Ադրբեջանը փորձում է հետևել նաև ժամանակակից ուղղություններին և պատրաստվել դրանց»,- կարծում է Հայրապետյանը։
Բայց կա նաև մյուս հարցը՝ այս ամենին ինչպե՞ս է արձագանքում ադրբեջանական հասարակությունը։ Պատերազմն ավարտված է, Արցախի հարցը, ըստ Բաքվի և Հայաստանի գործող իշխանության, լուծված է։ Այդ դեպքում ինչո՞ւ է պետությունը շարունակում բյուջեի զգալի մասը հատկացնել ռազմական ոլորտին, և ինչպե՞ս է այդ ընտրությունն ընկալվում հենց Ադրբեջանի ներսում։
«Եթե անգամ մարդկանց ինչ-որ բաներ մտահոգում են, դրանք բարձրաձայնելու իրական հնարավորություն նրանք չունեն։ Բայց այն, որ պատերազմից հետո և ընդհանրապես այս ռազմական քաղաքականության համատեքստում պետության ներսում կան տարբեր դժգոհություններ, փաստ է, և տարբեր առիթներով դրանք դրսևորվում են։ Կան որոշ ընդդիմադիր թերթեր ու լրատվամիջոցներ, դրսում աշխատող բլոգերներ և որոշ լրագրողներ, որոնք այդ մասին խոսում են։ Օրինակ՝ պատերազմի մասնակիցների հետ կապված տարբեր դեպքերի, պատերազմից հետո նրանց ձերբակալությունների, ընդհանուր սոցիալական վիճակի մասին»,- ասել է ադրբեջանագետը։
Բացի խաղաղության նախաստորագրված փաստաթուղթը, գործող իշխանության համար ցուցիչ է, որ 2018-ից ի վեր ռազմական բյուջեն բարձրացրել է։ Պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանն էլ ասում է՝ բյուջեն պետք է ծառայի այն քաղաքականությանը, որն իրականացնում է իշխանությունը։
«Մի կողմից՝ այո, եթե նայենք 2020 թվականից կամ նույնիսկ ավելի հետ՝ 2018-2019 թվականներից, ապա մեր ռազմական բյուջեն էականորեն աճել է։ 2018 թվականի բյուջեն մոտավորապես 250 միլիարդ դրամ էր, և նույնիսկ նախորդ տարվա համեմատ աճը շուրջ 18 տոկոս էր։ Այսօր, եթե հաշվի առնենք նաև դոլարի արժեզրկումը և միայն դրամային արտահայտությամբ հաշվենք, ռազմական բյուջեն մոտ 2-2․5 անգամ ավելացել է։ Բայց մեր պաշտպանական կարողությունները նույն չափով չեն ավելացել։ Մեր հարվածային հնարավորությունները կարծես թե չեն ավելացել, պաշտպանական կարողությունների էական աճ էլ չենք տեսնում»,- ասել է Զաքարյանը։
Ինչպիսի անվտանգային քաղաքականություն են կառուցում երկու երկրները նույն խաղաղության գործընթացի պայմանում, և խաղաղության սպասումը կարո՞ղ է արդյոք փոխարինել երկարաժամկետ ռազմական պատրաստվածությանը։
Գառնի Մութաֆյան




